Պաշտոնապես հայտարարում ենք՝ Տեր Համազասպը թող չվախենա, իր կողքին ենք կանգնելու, գիտենք, որ ճնշումների տակ է միացել Փաշինյանի հայտարարությանը. Չարենցավանի բնակիչ

Չարենցավան համայնքում մեծ աղմուկ է բարձրացրել տեղի եկեղեցու հոգևորական տեր Համազասպի հայտարարությունը, որով վերջինս միացել է Հայ Առաքելական եկեղեցին տրոհելու գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանին և նրա հակաեկեղեցական գաղափարները կիսող եպիսկոպոսներին։

Չարենցավան համայնքի բնակիչները հոգևորականին հորդորել են վերանայել իր դիրքորոշումը և չենթարկվել որևէ ճնշման։

«Մենք` Չարենցավան համայնքի բնակիչներս, դատապարտում ենք Չարենցավանի եկեղեցու քահանա Տեր Համազասպի հայտարարությունը, որով միանում է Հայ Առաքելական եկեղեցու տրոհման գործընթացին:

Կոչ ենք անում քահանային վերանայել իր կողմից կայացված որոշումը և չենթարկվել որևիցե ճնշումների»,- նշված է համայնքի քննարկումներ հարթակ կոչվող ֆեյսբուքյան էջում։

Կարդացեք նաև

Չարենացավանի բնակիչ Գևորգ Հակոբյանը 168.am-ին փոխանցեց, որ եթե չճանաչեին քահանային, կմտածեին, որ իսկապես Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական գաղափարները կիսում է, բայց վստահ են՝ քահանայի վրա ճնշումներ են եղել իշխանությունների, նաև թեմի առաջնորդի կողմից։ Այդ պատճառով էլ հորդորում են վերանայել իր հայտարարությունը և հետ կանգնել կործանարար քայլից։

«Չարենցավանի հասարակությունը մի քիչ ըմբոստ է, երևի սա էլ հաշվի առնելով՝ քահանան իր հայտարարությունը տարածել է Կոտայքի թեմի ֆեյսբուքյան էջում, սակայն նույն հայտարարությունը չի տեղադրել Չարենցավանի եկեղեցու ֆեյսբուքյան էջում, ինչո՞ւ, մեր ըմբոստությունից վախենո՞ւմ է։

Նաև ասեմ, որ տեր Համազասպի այս գրառմամբ կիսվել էին մի քանի ՔՊ-ականներ, հետո մի երկու օր անց ջնջեցին, սա էլ է տարօրինակ»,- նշեց Գևորգ Հակոբյանը։

Մեր զրուցակիցը փոխանցեց, որ տեր Համազասպն իր հայտարարությունից հետո եկեղեցում պատարագ է մատուցել, Վեհափառ հայրապետի անունը չի զեղչել, նորմալ պատարագն անցել է։

«Հիմա դրա համար մենք փորձում են նրան սխալ քայլերից հետ պահել, մինչև կիրակի կսպասենք տեր հոր արձագանքին, տեսնենք՝ ինչ կասի։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որքան էլ իրեն ճնշեն, թող չվախենա, մենք իր կողքին ենք կանգնելու, մենք գիտենք, որ ճնշումների տակ է նման որոշում կայացրել։ Նույնիսկ իրեն ճանաչողներն ասում են, որ միշտ բացասական է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ։ Մենք նաև լսել ենք, որ այս կիրակի Նիկոլ Փաշինյանը գալու է Չարենցավան պատարագի, սպասում ենք, որ գա ու հանկարծ թող փորձ անեն զեղչեն Վեհափառի անունը։

Ամեն գյուղ իր եկեղեցում պետք է պաշտպանի իր հավատքը, ոչ թե պետք է թույլ տա Նիկոլը գնա, իր ձևով պատարագը ձևափոխի։ Մենք մյուս համայնքների նման հլու-հնազանդ չենք ենթարկվելու, բողոքի մեծ ալիք ենք բարձրացնելու»,- շեշտեց Գ. Հակոբյանը։

Նա նաև ընդգծեց՝ այս պահին Չարենցավանում հարյուրավոր մարդիկ կողմ են, որպեսզի Չարենցավանի եկեղեցու հոգևորականը հրաժարվի իր հայտարարությունից և կանգի եկեղեցու կողքին, իսկ իրենք էլ կկանգնեն հոգևորականի կողքին և թույլ չեն տա նրան ճնշել։

Տեսանյութեր

Լրահոս