Տպավորություն է, որ Թրամփը խաղում է, խաղում է մանևրի իմաստով. Նա շատ լավ պատկերացնում է, որ Իրանը կարող է դառնալ ճահիճ. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Դոնալդ Թրամպը գրառում է արել և դիմել իրանցի ցուցարարներին, նրանց կոչ անելով գրավել պետական ինստիտուտները, և հայտարարելով, թե օգնությունն արդեն ճանապարհին է:
Թրամպի գրառումը տարօրինակ է: Նախ, եթե Իրանում անջատված է համացանցը, այդ գրառումն ինչպե՞ս է հասնելու իրանցի ցուցարարներին: Հետևաբար հարց է առաջանում, թե ու՞մ համար է նա արել այդ գրառումը:
Արդյո՞ք նրանց համար, ովքեր իհարկե ամեն գնով ձգտում են Թրամպին մղել գործողության:
Հատկանշական է, որ Թրամպը հայտարարում է նաև, թե հրամայել է դադարեցնել իրանյան կողմի հետ բոլոր բանակցությունները, քանի դեռ չի դադարել ցուցարարների անիմաստ սպանությունները:
Սա ևս տարօրինակ է. դադարեցնել բանակցությունը, քանի դեռ չի դադարել ցուցարարների սպանությունը: Ավելի տրամաբանական չէ՞ր լինի, եթե Թրամպը գրառեր, որ դադարեցնում է բանակցությունը, քանի դեռ Իրանում իշխանության է ներկայիս վարչակարգը:
Տպավորություն է, որ Թրամպը խաղում է: Խաղում է իհարկե մանևրի իմաստով: Նա շատ լավ պատկերացնում է, որ Իրանը կարող է դառնալ ճահիճ, բայց մյուս կողմից Թրամպին ինչ որ «հնարքով» դրել են այսպես ասած բարձր նոտայի վրա և նրա համար այլևս գրեթե անհնար է դառնում «ցածր խոսելը»: Բայց հնարավոր չէ նաեւ անվերջ խոսել բարձր, հետևաբար խոսքին կամ պետք է հետեւի գործողություն, կամ Թրամպի խոսքը կդադարի ունենալ որեւէ նշանակություն կամ հեղինակություն»:
