Ո՞րն է դատավոր Մանվել Շահվերդյանի «խանդավառության» պատճառը. ինչո՞ւ էր անհնար տղաների կալանքի ժամկետը չերկարաձգելը
Հունվարի 9-ին Երևանի քրեական դատարանի Ավան և Նորք-Մարաշ նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը «Իմնեմնիմի-2»-ի գործով փոդքասթի հեղինակներ ու վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը երկարաձգեց 3 ամսով: Դատավորը կալանքի ժամկետ երկարաձգեց խոսքի համար կալանավորված անձանց համար, կալանքի ժամկետ երկարաձգեց առանց մեկ հատիկ հարց տալու ու անգամ առանց շունչ քաշելու, չէր հասցրել Նարեկ Սամսոնյանն իր խոսքից հետո նորմալ նստել անգամ:
«Հետույք» բառը եթերում արտաբերելու համար խուլիգանության համար նստած Նարեկ Սամսոնյանն այդ որոշումից անմիջապես հետո՝ հենց դատական նիստերի դահլիճում, հայտարարեց անժամկետ հացադուլի մասին:
Ո՞րն է դատավոր Մանվել Շահվերդյանի «խանդավառության» պատճառը. ինչո՞ւ էր անհնար տղաների կալանքի ժամկետը չերկարաձգելը: Սա հարց է, որի պատասխանը պետք էր փնտրել ու գտնել, որովհետև չի կարող խոսելու համար կալանավորված, պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից հրահրված ու նախաձեռնված քրեական վարույթը քննող դատավորը կալանքը երկարաձգելուց առաջ մեղադրյալներին հարց չունենալ… Գտանք…
168.am-ը տեղեկացավ, որ Մանվել Շահվերդյանի վերաբերյալ քրեական գործ կա նախաձեռնված, և այս օրերին որոշվում է նրան մեղադրանք առաջադրել-չառաջադրելու հարցը, և բնական է, որ վերջինս պետք է իրեն այնպես պահի, որ որևէ կերպ չնյարդայնացնի որոշումներ կայացնողներին:
Այսքան բան:
Առաջիկայում կներկայացնենք քրեական վարույթի մանրամասները:
