Ըստ փաստաբանի՝ Ղուկասյանին առևանգել և ծեծել է պատգամավորը
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արտակ Ղուկասյան փաստաբան Հակոբ Ճարոյանի բողոքի քննությունը: Հ. Ճարոյանը բողոքարկել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը, որով վերջինս մերժել է քրեական գործ հարուցել: Արտակ Ղուկասյանը, ինչպես նաև նրա հարազատները պնդում են, որ նրան առևանգել են, սակայն քննիչն այդ փաստով քրեական գործ չի հարուցել:
Նշենք, որ Ա. Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, յուրացման, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ. նրա վերաբերյալ քրեական գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստին չէր ներկայացել Հատուկ քննչական ծառայության քննիչը: Հատուկ քննչական ծառայությունից դատարան գրություն էր ուղարկվել այն մասին, որ ծանրաբեռնվածության պատճառով քննիչը չի կարող մասնակցել բողոքի քննությանը:
Հատուկ քննչական ծառայությունից խնդրել էին քննիչի բացակայությունը հարգելի համարել և բողոքի քննությունը շարունակել նրա բացակայությամբ: Արտակ Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը հայտարարեց, որ քննիչի կողմից դատարան ներկայանալուց խուսափելը ծանրաբեռնվածություն չի համարում. «Եթե ծանրաբեռնվածություն լիներ և ցանկություն լիներ դատարան ներկայանալու, կմիջնորդեր նիստը հետաձգել և նշանակել այն ժամանակ, որն իրեն հարմար կլինի:
Եկեք նայենք փաստական հանգամանքները՝ առևանգում, ծանր հոդված է, այսինքն՝ այստեղ խոսքը գնում է անձի առևանգման մասին, անձից գումարներ շորթելու մասին և այդ ամենն, ըստ ինձ, և ես համոզված եմ դրանում, կատարվել է այսօր արդեն Ազգային ժողովի պատգամավորի կողմից: Ես ևս մեկ փաստ ասեմ: Այս գործով՝ Արտակ Ղուկասյանի հետ կապված գործով Շենգավիթ վարչական շրջանի դատարանում քննվել է ընդամենը 4 տուժող և 4-ն էլ հստակ հայտարարել են, որ հենց այդ օրերին իրենք Արտակ Ղուկասյանին տեսել են ծեծված, երկու օր անհետացած, ծեծված» (տես նաև այստեղ.):
Հակոբ ճարոյանն ասաց, որ այդ գործը կարևոր է, ՀՔԾ քննիչիը պետք է ներկայանա դատարան, որպեսզի իրականում բացահայտվի՝ որքանով է հիմնավորված իր բողքը: Փաստաբանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, նշանակել քննիչին հարմար ժամանակ:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը, հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով հունիսի 18-ին: