«Գլուխը դարձել էր դդում». Տուժողն ամբաստանյալին տեսել էր ծեծված վիճակում
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Արտակ Ղուկասյանի գործով դատական նիստը: Ա. Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, յուրացման, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ. նա գիտությունների թեկնածու է, աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում: Երեկ դատարանում ցուցմունք տվեցին գործով տուժողները: Տուժող Նվարդ Դավիթավյանը դատարանում ասաց, որ Արտակ Ղուկասյանին 10 մլն 200 հազար դրամ է տվել:
Մեղադրողի հարցին՝ ի՞նչ նպատակով է Ա. Ղուկասյանին նման գումար տվել, նա պատասխանեց, որ Ա. Ղուկասյանն իրեն պետք է 2-3 մլն դրամ ավելի գումար տար: Տուժողը դատարանում հայտնեց նաև, որ Ա. Ղուկասյանն ասել է՝ եթե իրեն մի բան պատահի, գումարը վերցնի հորից: «Հիմա ես իրենից ու իր հորից փողս պահանջում եմ»,- դատարանում հայտարարեց տուժողը՝ նշելով, որ իր տված գումարից երբևէ օգուտ չի ստացել: Տուժողը դատարանում ասաց նաև, որ ինքը մի քանի անգամ գնացել է Ա. Ղուկասյանի տուն, որտեղ վերջինիս հարազատները խնդրել են որոշ ժամանակ սպասել՝ նշելով, որ Ա. Ղուկասյանը «խառն է», և իր գումարը կտան: Վերջում տուժողն ավելացրեց, որ ամբաստանյալը «ջահել տղա է», ինքը կուզի, որ այսօր էլ նա «դուրս գա»՝ միայն թե իր գումարը ետ տա:
Գործով մյուս տուժողն էլ հայտնեց, որ Արտակ Ղուկասյանի հետ ծանոթացել է իր ընկերոջ միջոցով, և Ա. Ղուկասյանին գործարքներ անելու համար գումար է տվել: Տուժողը հայտնեց, որ ընդհանուր առմամբ՝ Ա. Ղուկասյանին պարտքով տվել է 70 հազար դոլար, որից հետո Ա. Ղուկասյանն իրեն պարբերաբար գումար է տվել: Տուժողը պատմեց, որ որոշ ժամանակ անց լսել են, որ «Արտակը չկա», սակայն նրան գտել են իրենց տանը. «Բացատրեց այնպես, որ ոմանք, չգիտեմ՝ ինչ մարդիկ, իրեն, ծանոթ թե անծանոթ, խմբով մտել են գրավատան պահոցը, այնտեղի ոսկեղենգ այսինքն՝ ինչ ունեցել է, այնտեղից տարել են, իրեն էլ ծեծի են ենթարկել: Գլուխը դարձել էր դդում, կարելի է ասել, նման էր դդմին»:
Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ տուժողն ասաց, որ ինքը չգիտի՝ ովքեր են ծեծի ենթարկել Ա. Ղուկասյանին:
Տուժողն ասաց, որ Ա. Ղուկասյանը մարել է պարտքի մի մասը՝ 20 հազար դոլարը, ինքը եկամուտ չի ստացել: Հարցին՝ ո՞րն էր երաշխիքը, որ իր գումարները ետ կվերադարձնեն, տուժողը պատասխանեց. «Մարդկային, ճիշտ ապրելակերպը»: Տուժողը հայտնեց, որ պայմանավորվածություն չի եղել այն մասին, թե որքան ժամանակահատվածում Ա. Ղուկասյանը պետք է վերադարձներ իր ողջ գումարը: