Սերժ Սարգսյանի վերջին շանսը
Երկու օր է՝ Հայաստանում քննարկվող հիմնական թեման ու մտահոգությունը նախագահ Սերժ Սարգսյանի լռությունն է Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում:
Լռությունը, որ ընդհանրապես նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանին բնորոշ ամենահիմնական գծերից մեկն է (չնայած բյուջետային քննարկումներում նախագահի աշխատակազմի ներկայացրած թվերին՝ Ս. Սարգսյանի գրեթե ամեն շաբաթ ասուլիսներ տալու վերաբերյալ, իրականում նա Հայաստանի երեք նախագահներից, թերևս, ամենասակավախոսն է) քաղաքականության մեջ, ինչպես և կյանքում, որպես կանոն, մի քանի նշանակություն ունի՝ կամ համաձայնության, կամ այդ պահին ասելիքի բացակայության, կամ տակտիկական նպատակներով պայմանավորված՝ ժամանակ շահելու իմաստով: Հասկանալով հանդերձ, որ առաջին երկու տարբերակներն ավելի հավանական են, գոնե որպես ՀՀ քաղաքացիներ՝ պակաս նվաստացուցիչ է հուսալը, որ իրականում գործ ունենք երրորդի հետ:
Այսինքն մտածենք, որ Սերժ Սարգսյանը լռել է ոչ միայն Նազարբաևին, այլև ՀՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ անցկացնելու հարցի բարձրացումն անգամ թույլ տված բոլորին՝ Պուտինով ու Լուկաշենկոյով հանդերձ, ավելի ուշ, բայց ավելի արժանի պատասխան տալու համար: Իսկ եթե այդ հույսերն ուտոպիստական չեն, ապա Սերժ Սարգսյանն ընդամենը երկու շաբաթ ժամանակ ունի՝ իր խնդրած ժամկետում՝ մինչև հունիսի 15-ը, «խնդիրները կարգավորելու համար»:
Առաջիկա երկու շաբաթները կարող են դառնալ ինչպես՝ Հայաստանի փրկության, այնպես էլ՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերջնական կործանման երկու շաբաթներ:
Ասվածի մեջ որևէ չափազանցություն չկա, քանի որ, եթե որևէ ձևակերպմամբ, թեկուզ՝ միջանկյալ լուծում համարվող որևէ տարբերակով Հայաստանը համաձայնի մաքսակետ դնել ԼՂ-ի հետ սահմանին, ապա դա կլինի վերջը: Լեռնային Ղարաբաղի ու նաև Հայաստանի: Կամ Հայաստանի ու նաև Ղարաբաղի:
Նազարբաևի առաջ քաշած պայմանը, որն իրականում Ալիևի պայմանն է, Հայաստանի համար սպառնալիք լինելով, փրկության հնարավորություն է՝ արժանապատիվ կերպով հետ կանգնելու պետության արժանապատվությունը մինչև վերջ ոտնահարած այս գործընթացից՝ Եվրասիական միությանն անդամակցությունից: Պարտադրված, բայց որպես երազանք ներկայացվող անդամակցությունից:
Ու խնդիրն այստեղ ամենևին այն չէ, որ հրաժարվելով եվրասիական ինտեգրացիայից, Հայաստանը հունիսի 16-ին պետք է ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Ղազախստանի միջոցով Հայաստանին պարտադրվող այս խաղը հավասար է կապիտուլյացիայի, պետության ձևական ատրիբուտները պահպանելու պայմանով պետությունը հանձնելու ակտի:
Դրա համեմատ՝ հարցը՝ Հայաստանը հետո կասոցիացվի Եվրոպայի՞, թե՞ Պակիստանի հետ, ծիծաղելիորեն փոքր է: Բացառված չէ, իհարկե, այս հարցի նաև միջանկյալ լուծումը, որը կբխի Ռուսաստանի քաղաքական ու Վլադիմիր Պուտինի քարոզչական շահերից:
Հնարավոր է, ասենք, հունիսի 14-ին Վլադիմիր Պուտինը ելույթ ունենա ու հայտարարի, որ Հայաստանն այնքան թանկ է Եվրասիական միության համար, որ հանուն Հայաստանի պետք է բացառություն անել ու մոռանալ մաքսակետի մասին:
Հայաստանում Պուտինի վարկանիշը կաճի մինչև 150 տոկոս, իսկ թե ինչ կլինի հետո, կիմանա միայն Պուտինը: Գուցե նաև Ալիևն ու Նազարբաևը: Այս սցենարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե այդ մասին տեղեկացվել է նաև Սերժ Սարգսյանը, ով Աստանայում լռել է՝ հանուն Պուտինի վարկանիշի:
ՀՀ քաղաքացու անձնագիրը ստիպում է հուսալ նաև, որ նման բան չի եղել: Սերժ Սարգսյանն իրականում ունի երկու շաբաթ Հայաստանի անկախությունը փրկելու ու դրանով պատմության մեջ մնալու համար:
Սա ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև, առաջին հերթին, իշխանության, բայց նաև ընդդիմության, մտավորականության, Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլորի խնդիրն է: ՀՀԿ-ն շանս ունի ապացուցելու, որ իզուր չի կոչվում Հայաստանի Հանրապետական կուսակցություն: Այլապես հունիսի 15-ից այն կդառնա Հայաստանը հանձնողների կուսակցություն: