«Նաիրիտի» թալանն առժամանակ կանխվել է
Մոտ շաբաթ առաջ գրել էինք, որ «Նաիրիտ» գործարանում տարբեր կոնստրուկցիաների ու խողովակների վաճառքը վերսկսվել է և, մեր աղբյուրների համաձայն, գործարանում ապամոնտաժվում է բութադիենի արտադրամասից դեպի ացետիլենի արտադրամաս գնացող 400 մմ տրամագիծ ունեցող խողովակը, որը նախատեսում է անտերության մատնված քիմիական հսկայի տնօրինությունը բավականին էժան գներով օտարել: Մինչդեռ, «Նաիրիտի» վերագործարկման ժամանակ այն շատ անհրաժեշտ է լինելու:
Մեր տեղեկություններով` այս հրապարակումից հետ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը միջամտել է խնդրին ու կանխել խողովակների թալանը: Դրանք այժմ, թեև ապամոնտաժված, բայց դեռ շարունակում են մնալ գործարանի սեփականությունը:
Միաժամանակ, Ե.Զախարյանն իր մոտ է հրավիրել գործարանի հաշվապահին և պահանջել, որպեսզի հաշվետվություն ներկայացվի գործարանի վարչական կազմի ու նրանց ստացած աշխատավարձերի չափի մասին: Հարկ է նշել, որ այս խնդրին նախարարի ուշադրությունը խիստ անհրաժեշտ և, կարելի է ասել, լավ լուր է նաիրիտցիների համար: Հնարավոր է, ինչպես ժողովուրդն է ասում` «սայլը տեղից շարժվի», և գործարանի վրա «լույս բացվի»:
Գործարանի աշխատավարձի ֆոնդն ամսական կազմում է շուրջ 560 մլն դրամ` մոտ 1.3 մլն դոլար: Ու չնայած 2010-ից ի վեր «Նաիրիտն» արտադրանք չի տալիս, պետությունը ուշացումներով, մաս-մաս, բայց վճարել է այդ գումարը, և ներկայումս էլ գործարանն աշխատակիցներին պարտք է մոտ 15 ամսվա աշխատավարձ: Խնդիրն այն է, որ գործարանի բանվորներն ու ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն ամսական ստանում են ընդամենը 60-80 հազար դրամ, իսկ ահա ղեկավարների աշխատավարձը աստղաբաշխական թվեր է կազմում, որը գործարանի ղեկավարները ոչ մի կերպ չեն ցանկանում պաշտոնապես հրապարակել: «168 Ժամը» նախկինում մի քանի անգամ փորձել է պարզել այս հանգամանքը, ցավոք` անհաջող:
Մասնավորապես` 2013 թ. օգոստոսին մենք հարցում էինք ուղարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ լրատվական ծառայություն` խնդրելով պատասխանել մի քանի հարցի, այդ թվում` գործարանի վարչական ապարատի աշխատակիցների քանակի, տնօրենի տեղակալների աշխատանքային պարտավորությունների և աշխատավարձի դրույքաչափի մասին: Մեր հարցման պատասխանն այդպես էլ չենք ստացել: Սակայն հավաստի է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ստանում է ամսական 7 մլն դրամ, նրա 10 տեղակալները` 3.5 մլն դրամ աշխատավարձ (անցած տարի ամռանն արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր հրաժարականից հետո մնացել է 9 տեղակալ), չհաշված տնօրենի խորհրդականներին ու օգնականներին: Մնում է միայն հաշվել, թե այս տարիների ընթացքում որքան պետական միջոցներ կտնտեսվեին, եթե վարչակազմն այսքան «ծանր բեռ» չլիներ: Չէ՞ որ գործարանի աշխատելու տարիներին տնօրենն ունեցել է միայն 3 տեղակալ: 2006-2007թթ. գործարանի աշխատակիցները 2100-ն էին, որոնց 1 ամսվա աշխատավարձի ֆոնդն ընդամենը 160 մլն դրամ էր:
Ընդ որում, աշխատակիցների միայն 1/3-ն էր կազմում գործարանի սպասարկող անձնակազմն ու ղեկավարությունը, իսկ մեծ մասը` 2/3-ը, արտադրության հիմնական աշխատողներն էին: Գործարանի աշխատակիցները թիվը կտրուկ ավելացավ 2008-ից հետո` հասնելով մոտ 3000-ի: Այդ 900 նոր աշխատակցով համալրվել էր ոչ թե բանվորական կազմը, այլ` սպասարկող անձնակազմն ու ղեկավարությունը: Վերջին 1-1.5 տարում աշխատակիցների թիվը կրճատվեց, և ներկայումս գործարանում կա մոտ 2400 աշխատակից, որից մոտ 670-ն անընդհատ աշխատող են, մյուսները` հարկադիր պարապուրդում: Այդ կրճատումն էլ մեծամասամբ բանվորական կազմից է կատարվել, իսկ ղեկավարները շարունակում են վայելել իրենց բարձր աշխատավարձերը, որոնք ստանալու համար էլ պայքարում է բանվորությունը:
Այսօր էլ «Նաիրիտում» աշխատավարձի խնդիրն օրակարգում է. մինչև հիմա աշխատողներն աշխատավարձ չեն ստացել: Երվանդ Զախարյանը մեզ հետ զրույցում էլ վստահեցրել է, որ 1ամսվա աշխատավարձ շուտով կտա, բայց շեշտել էր, որ գործարանի կարգավիճակը պետք է հստակեցնել: Խնդիրն այն է, որ լրացուցիչ ֆինանսական միջոցներ համակարգում չկան:
«Նաիրիտի» աշխատավարձերը վճարվում էին Երևան ՋԷԿ-ից և Որոտանի ՀԷԿ-ից վերցված փոխառություններով, իսկ Երևան ՋԷԿ-ում շուտով վերանորոգման աշխատանքներ են իրականացնելու, Որոտանի կասկադն էլ այլևս վաճառված է ամերիկացիներին:
Եթե Երվանդ Զախարյանին հաջողվի պարզել «Նաիրիտում» աշխատավարձերի գաղտնիքը, հնարավոր կլինի լուրջ ֆինանսներ տնտեսել, իսկ այդ գումարներն էլ բավական կլինեն սեփական ուժերով գործարանի վերագործարկման համար: Հիշեցնենք, որ այս տարի մարտի 25-ին «Նաիրիտի» խնդիրների շուրջ ՀՅԴ-ի կազմակերպած քննարկման ժամանակ 2005-2007թթ. «Նաիրիտի» տնօրեն Կարեն Իսրայելյանը հայտարարել էր, որ այսօր չնչին ներդրումներով ամսական 700-1000 տոննա կարելի է արտադրել և վաճառել Ռուսաստանին, և դրա համար 15-18 մլն դոլարը լիովին բավարար է:
Ըստ նրա` 2010-ին աշխատող գործարանը կանգնեց էլեկտրաէներգիայի պարտքի պատճառով` հոսանքն անջատվեց, որից հետո բոլոր սարքավորումները կոնսերվացվել են, և 2-3 ամսում կարելի է վերագործարկել, բայց այսօր կադրերի խնդիր կա, երիտասարդները հեռանում են: Նրա կարծիքով` եթե 2 ամիսը մեկ կառավարությունը հնարավորություն ունի ամսական 1 մլն դոլար աշխատավարձ տալ, ուրեմն կարելի է աջակցել ու գործարանը ոտքի կանգնեցնել: