Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է, նրա մոտ նախանձ կա Բելառուսի արդյունքների նկատմամբ․ Զախարովա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը, մինչդեռ հայաստանյան իշխանությունները չեն կարողացել հասնել համադրելի հաջողությունների: Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Մինսկի հասցեին Սիմոնյանի արտահայտությունները։
Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի հայտագիր էր հանձնել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին: Առիթը Սիմոնյանի խոսքերն էին այն մասին, թե « Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։
«Ուղղակի նախանձից է ասել։ Ուզո՞ւմ եք ստուգել իմ խոսքերը՝ պարզապես այցելեք Բելառուս», – ասաց Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ ինքն անձամբ այցելել է ոչ միայն Մինսկ, այլև բելառուսական այլ քաղաքներ և տեսել, թե Բելառուսն ինչ զարգացումների է հասել տարբեր ոլորտներում։
«Այն հաջողությունները, որոնք Բելառուսը գրանցել է տնտեսական, արդյունաբերական, արտադրական և գյուղատնտեսական առումով, Ալեն Սիմոնյանի համար հավասար է Լուսին հասնելուն», – ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան հայ լրագրողներին և բլոգերներին հորդորեց այցելել Բելառուս և հայ հասարակությանը ցույց տալ այդ երկրի ձեռքբերումները: Նա նշեց, որ ԵՄ երկրների, մասնավորապես Լեհաստանի բնակիչները պարբերաբար Բելառուս են գալիս մթերքի համար՝ դրանց բարձր որակի և գործող ստանդարտների պատճառով:
Նա ընդգծեց նաև, թե Բելառուսը որքան ուշադրություն է դարձնում բնապահպանության, պատմական հիշողության պահպանման, մշակութային ինքնության և երիտասարդության հայրենասիրական դաստիարակության հարցերին։
«Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ Բելառուսի ղեկավարությունը հայտարարի, թե այլևս պետք չէ խոսել նացիստների կողմից բելառուսցի ժողովրդի ցեղասպանության մասին։ Ընդհակառակը՝ նրանք այդ մասին գրքեր են գրում, դասագրքեր հրատարակում, պահպանում հիշողությունը», – ասաց Զախարովան։
Նա շեշտեց` Բելառուսում զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, սպորտը, գիտությունն ու հումանիտար ոլորտներ, վերականգնվում են ժողովրդի պատմության և հերոսության հետ կապված հուշարձանները։
Զախարովայի գնահատմամբ՝ Սիմոնյանի ասածը ոչ հարիր նախանձ է այն ժողովրդի և երկրի հաջողությունների հանդեպ, որն իրեն ոչ մի վատ բան չի արել:
Վերջում Զախարովան ակնարկեց, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում հայկական պատվիրակության հետ փակ խոսակցություն է եղել։
«Հիշում եմ, որ Ալեն Սիմոնյանի հետ եկած պատվիրակությունը ձայնագրում էր զրույցը։ Գուցե նրանք պատմեն, թե Ալեն Սիմոնյանն ինչ է ասել, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության շենքում»,- հավելեց նա:



