Լեհաստանը պատրաստ է ընդունելու ԱՄՆ-ի զինվորներին Գերմանիայից նրանց դուրսբերման դեպքում. Նավրոցկի
Լեհաստանն ունի զարգացած ենթակառուցվածքներ՝ ընդունելու և տեղակայելու ամերիկացի զինվորներին, որոնց կարող են դուրս բերել Գերմանիայից: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին։
«Մենք դրա համար ունենք պատրաստի ենթակառուցվածք», – ասել է նա։
Նավրոցկին հավելել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունի Գերմանիայում ամերիկյան զորքերի կազմի փոքրացման մասին, ապա Լեհաստանում պատրաստ են ընդունել ամերիկացի զինվորներին։
Լեհաստանի նախագահի խոսքով՝ ինքը կփորձի Թրամփին համոզել հրաժարվել Գերմանիայից ամերիկյան զորակազմի մի մասի դուրսբերման մտադրությունից, որպեսզի զորքերը մնան Եվրոպայում։
Մայիսի 6-ին Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Մարչին Բոսացկին հայտնել է, որ ԱԳՆ-ն արդեն մի քանի ամիս բանակցություններ է վարում երկրում ամերիկացի զինծառայողների թվի հնարավոր ավելացման շուրջ։ Այժմ Լեհաստանում տեղակայված է մոտ 10 000 ամերիկացի զինվոր։
Մայիսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գերմանիայում ամերիկացի զինվորականների թվաքանակը 5000-ով կրճատելու մտադրության մասին։ Նա չի մանրամասնել, թե ինչու վարչակազմը կարող է դիմել այդ քայլին, սակայն հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատորեն է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների մասին։
Զինվորների վերատեղակայումը կարող է տևել 6-ից 12 ամիս: Գերմանիայում տեղակայված է շուրջ 36 000 ամերիկացի զինծառայող։



