Լատվիայի նախագահը բարձր է գնահատում խաղաղության ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի իրականացրած քայլերը

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը բարձր է գնահատում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ նախաստորագրված համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այդ գործընթացը կհանգեցնի երկու երկրների միջև իրավիճակի նորմալացման ու տարածաշրջանային կայունության։

Այս մասին Լատվիայի նախագահ հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։

Նա նշեց, որ իր այցի հիմնական նպատակը Հայաստանին աջակցելն է երկրում իրականացվող բարեփոխումներում և Եվրոպական միության հետ հարաբերությունները սերտացնելու գործում։

Էդգարս Ռինկևիչսն իր խոսքում նաև անդրադարձ կատարեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ընդգծելով, որ Լատվիան աջակցում և բարձր է գնահատում խաղաղության ուղղությամբ Երևանի ու Բաքվի կատարած քայլերը։

«Մենք բարձր ենք գնահատում խաղաղության այն համաձայնագիրը, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկում Հայաստանն ու Ադրբեջանը, և հետևաբար, հույս ունեմ, որ այս գործընթացը կհանգեցնի երկու երկրների միջև իրավիճակի նորմալացման, ինչպես նաև ավելի շատ կայունություն և անվտանգություն կապահովի ավելի լայն տարածաշրջանում»,-ասաց Լատվիայի նախագահը։

Նա մատնանշեց, որ Լատվիան Հայաստանին դիտարկում է որպես շատ կարևոր գործընկեր Հարավային Կովկասում։

Էդգարս Ռինկևիչսը շեշտեց, որ բացի քաղաքական հարաբերություններից, Երևանն ու Ռիգան նաև պետք է քայլեր ձեռնարկեն տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։

Լատվիայի նախագահը համոզմունք արտահայտեց, որ իր այցը կնպաստի ու ավելի կխորացնի համագործակցությունը Հայաստանի հետ։ Նա նաև դրական գնահատեց երկու երկրների միջև խորհրդարանական կապերի մակարդակը։

«Լատվիան բարձր է գնահատում Հայաստանի՝ եվրոպական ճանապարհի ընտրությունը, և այդ ճանապարհին մենք կօգնենք ձեզ որքան հնարավոր է և անհամբերությամբ կսպասենք նաև գտնել գործնական համագործակցության նոր ուղիներ»,-ընդգծեց Էդգարս Ռինկևիչսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031