Ֆրանսիացի աղջիկը կարդացել է Պարույր Սևակ, Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» ու Րաֆֆիի «Խենթը» վեպերը
Ֆրանսիացի Ֆաննի Ռուն, ով արյունակցական որևէ կապ չունի հայերի հետ, արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Վեց տարի առաջ է լսել Հայաստանի մասին, այսօր արդեն կարողանում է քիչ թե շատ խոսել հայերեն, գիտի հայկական բարքերն ու սովորույթները, ծանոթ է մշակույթին ու պատմությանը: Իր իսկ խոսքերով՝ սիրահարված է հային ու հայկականին:
– Կպատմե՞ս քո մասին:
– Ես Ֆաննին եմ: 28 տարեկան եմ: Մասնագիտությամբ իրավաբան եմ, զբաղվում եմ վարչական իրավունքի գործերով: Ապրում և աշխատում եմ Լիոնում:
– Ե՞րբ ես առաջին անգամ լսել Հայաստանի մասին և ինչպե՞ս:
– 6 տարի առաջ էր դա: Ֆրանսիայում ապրող ընկեր ունեմ, ով ծագումով հայ է: Հենց նա էլ պատմել է Հայաստանի մասին:
– Ինչո՞ւ քեզ սկսեց հետաքրքրել Հայաստանը:
– Իսկապես ինքս էլ չգիտեմ պատասխանը: Դա հոգու անբացատրելի մի կանչ էր: Առաջին իսկ պահից հարազատ ու մտերմիկ ինչ-որ բան զգացի: Տեղեկություններ փնտրեցի Հայաստանի պատմության, մշակույթի մասին ու սկսեցի սովորել հայոց լեզուն:
– Ի՞նչն ես ամենից շատ գնահատում հայկական մշակույթի մեջ:
– Ինձ դուր է գալիս ձեր արժեհամակարգը, ինչպես նաև՝ վերաբերմունքն արժեքների նկատմամբ:
– Հայերի մեջ ի՞նչն ես ավելի շատ սիրում:
– Հյուրասիրությունը: Դուք այնքան հյուրասեր եք:
– Իսկ կա՞ ինչ-որ հատկանիշ, որն ունեն ֆրանսիացիները, և որը կցանկանայիր տեսնել հայերի մեջ:
– Կարծում եմ, որ միայն օրենքների նկատմամբ հարգանքը: Դա, ինչպես նկատել եմ, այստեղ պակասում է:
– Արդեն երրորդ անգամ ես Հայաստանում: Ե՞րբ ես եկել առաջին անգամ ու ի՞նչ տպավորություններ ես ստացել:
– Առաջին անգամ եկել եմ 2010 թվականին: Երեք ընկերուհիներով այստեղ բնակարան ու մեքենա վարձեցինք և այցելեցինք տեսարժան վայրերը: Ամեն ինչ պարզապես հիանալի էր:
– Իսկ քո պատկերացրած Հայաստանն ու իրական Հայաստանը շա՞տ էին տարբերվում:
– Ոչ, ամեն ինչ այնպիսին էր, ինչպիսին ես պատկերացնում էի: Ոչնչից չեմ հիասթափվել: Ճիշտ է, առաջին այցիս ժամանակ հայերի հետ գրեթե չեմ շփվել, բայց հաջորդ այցելության ժամանակ համոզվեցի, որ նրանք նույնպես այնպիսին են, ինչպիսին պատկերացնում էի և ուզում էի նրանց տեսնել: Միայն նորակառույց շենքերը չեմ հավանում: Ըստ ինձ՝ հայկական հին ճարտարապետական շենքերն ավելի գեղեցիկ են:
– Ֆրանսիացի ընկերներդ ինչպե՞ս են ընդունում քո կողմից այսչափ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:
– Մի քիչ տարօրինակ: Անընդհատ հարցեր են տալիս, ես էլ փորձում եմ հասկացնել այնքանով, որքանով կարողանում եմ:
– Լիոնում հայկական մեծ համայնք կա: Մասնակցո՞ւմ ես նրանց կողմից կազմակերպված միջոցառումներին:
– Նախ՝ նշեմ, որ հայկական համայնքն ինձ շատ լավ է ընդունում, որը միաժամանակ զարմանալի և անչափ ուրախանալի է ինձ համար: Սկզբում զարմանալի էր, որ հայ չլինելով՝ այսքան հետաքրքրված եմ հայերով ու Հայաստանով, բայց կարծում եմ՝ արդեն ապացուցել եմ, որ դա պարտադիր պայման չէ: Փորձում եմ մասնակցել կազմակերպված բոլոր միջոցառումներին: Պարտադիր մասնակցում եմ Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին:
– Կցանկանայի՞ր ապրել Հայաստանում ու այստեղ ընտանիք կազմել:
– Այո, շատ կցանկանայի, բայց, անկեղծ ասած, հասկացել եմ, որ տնտեսական պայմաններն այստեղ այնքան էլ լավ չեն:
– Լսո՞ւմ ես հայկական երաժտություն: Հայ երգիչներից ո՞ւմ ես ամենից շատ սիրում:
– Այո, շատ եմ լսում: Ամենից շատ Արամեին եմ սիրում:
– Ծանո՞թ ես մեր գրականությանը, պատմությանը:
– Ծանոթ եմ, բայց խորությամբ դեռ չեմ հասցրել ուսումնասիրել: Կարդացել եմ Պարույր Սևակի բանաստեղծությունները, Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» ու Րաֆֆիի «Խենթը» վեպերը: Պատմության շատ դրվագների նույնպես խորությամբ ծանոթ չեմ, բայց գիտեմ ձեր ողբերգական անցյալի մասին, Ցեղասպանության մասին:
– Որպես ֆրանսիացի՝ ի՞նչ ես մտածում Ցեղասպանության մասին:
– Բնականաբար, ընդունում եմ Ցեղասպանությունն ու ցավում նույնքան, որքան հայերը: Իհարկե, գտնում եմ, որ երբեք չպետք է մոռանալ, պետք է պայքարել, որ աշխարհը ճանաչի, ի վերջո, Թուրքիան ճանաչի ոճիրը, բայց չպետք է մոռանալ, որ Հայաստանն այսօր տնտեսական վատ վիճակում է գտնվում, ու այս հարցի լուծումն այսօր շատ ավելի կարևոր է: Կարծում եմ՝ ճիշտ կլինի տնտեսապես համագործակցել Թուրքիայի հետ, բացել սահմանները:
– Հայաստանում ունե՞ս արդեն քո սիրելի վայրը:
– Ընդհանրապես Հայաստանն եմ շատ սիրում, այստեղի բնությունը՝ հատկապես սարերը: Սիրում եմ «Հաղթանակ» զբոսայգին ու այնտեղ տեղակայված Մայր Հայաստանի արձանը:
– Ի՞նչ կցանկանայիր անել Հայաստանի համար:
– Անելու շատ բան կա: Բայց ամենաշատը կցանկանայի նպաստել, որ աշխարհում բոլորն իմանան հայերի, նրանց երկրի, մշակույթի ու պատմության մասին:
Հարցազրույցը՝ ՔՆԱՐ ՄԻՍԱԿՅԱՆԻ