Իրական ապաշրջափակումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ Հայաստանը կկարողանա տնօրինել իր տարածքով անցնող հաղորդակցությունները՝ ինքնուրույն և գործընկերային սկզբունքներով. Սուրեն Սուրենյանց

Թեպետ վերջին ամիսներին ակտիվ էին արևմտյան միջնորդական փորձերը, սակայն, կարծես թե, Բաքվի այս որոշումը կայացել է Ռուսաստանի միջնորդությամբ (եթե չեմ սխալվում նման վարկած օրեր առաջ զարգացրել էր իմ գործընկեր Հակոբ Բադալյանը)։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ադրբեջանի որոշումը հաջորդեց Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին, որտեղ Մոսկվան, ըստ ամենայնի, հանդես է եկել նոր գաղափարներով։

Օվերչուկի հայտարարությունը փաստում է, որ Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ վերահսկելով տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների հիմնական ուղղությունները։

Այն, ինչ արտաքինից կարող է ներկայացվել որպես Բաքվի ինքնուրույն որոշում, ըստ էության տեղավորվում է Մոսկվայի տարածաշրջանային հաշվարկների և քաղաքական ռազմավարության շրջանակում։

Իհարկե, գործող իշխանության ներկայացուցիչներն այս լուրը ներկայացնելու են էյֆորիկ, ակնհայտորեն նախընտրական շեշտադրումներով:

Եթե Հայաստանը չապահովի իր ինքնիշխան և հավասար մասնակցությունը, ապա այս գործընթացը կարող է վերածվել նոր կախվածության, այս անգամ՝ տնտեսական բնույթի։

Իրական ապաշրջափակումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ Հայաստանը կկարողանա տնօրինել իր տարածքով անցնող հաղորդակցությունները՝ ինքնուրույն և գործընկերային սկզբունքներով, առանց արտաքին վերահսկողության։

Մի խոսքով, հնարավորությունների պատուհան կա, բայց այն արագ կարող է փակվել, եթե առարկայական բազմաշերտ աշխատանքի փոխարեն՝ լսենք իշխանության ներկայացուցիչների կենացները»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս