Ֆրանսուա Օլանդը Վրաստանում սկսել է իր հանդիպումների շարքը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է Թբիլիսի: Այդ այցով նա կավարտի իր եռօրյա հարավկովկասյան շրջագայությունը, որի շրջանակներում նա արդեն իսկ գտնվել է Ադրբեջանում ու Հայաստանում:
Նշվում է, որ Օլանդը պետք է Թբիլիսիում գտնվի 7 ժամ, որի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ և ելույթ է ունենալու վրաց-ֆրանսիական տնտեսական ֆորումում:
Օլանդն արդեն իսկ հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ: Հանդիպման ժամանակ Օլանդը գոհունակություն է հայտնել, որ Վրաստանը որոշել է իր խաղաղապահներին ուղարկել ԿԱՀ՝ ընդգծելով, որ դա հաճելի հաղորդագրություն է եղել իր համար (Վրաստանի ՊՆ-ը որոշել է 150 զինծառայող ուղարկել ԿԱՀ):
Փանջիկիձեն իր հերթին գոհունակություն է հայտնել Օլանդի գալստյան կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա հանդիսանում է Վրաստանին աջակցության ցուցաբերում, որը հունիսին պլանավորել է Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: