Բաժիններ՝

«Ազգային Հիփոթեքային Ընկերությունը» միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

2014թ. ապրիլի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի առաջին միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխումը հետևյալ պայմաններով` պարտատոմսի տեսակը` անվանական արժեկտրոնային, անվանական արժեքը` 100,000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը՝ 1,000,000,000 ՀՀ դրամ, մարման ժամկետը` 3 տարի, արժեկտրոնային եկամուտը՝ 10%, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցեցին Բորսայի թվով 6 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 478 193 315.00 ՀՀ դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 981,365,520 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.7688%, սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 10.9501%:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

2014թ. ապրիլի 23-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինասավորվել է շուրջ 4482 հատ վարկ 35.9 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, որից 2850 հատ վարկը 27.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով Երևանում, իսկ 1632 հատը՝ 8.4 միլարդ ՀՀ դրամ ծավալով մարզերում: Տրամադրված վարկերի 2922-ը 28.2 մլրդ ՀՀ դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1560 հատը 7.7 մլրդ ՀՀ դրամ ծավալով վերանորոգման և կառուցապատման նպատակով:

31.03.2014թ դրությամբ Ընկերության ակտիվները կազմել են 31,6 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 10,8 մլրդ ՀՀ դրամ, չբաշխված շահույթը՝ 1,6 մլրդ:

Ընկերությունը պարտատոմսերի թողարկումը սկսել է 2011 թվականի նոյեմբերից և ընդհանուր առմամբ իրականացրել է 10 տեղաբաշխում մոտ 8,7մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Առաջին ինը թողարկումն իրականացվել է մինչև մեկ տարի մարման ժամկետով: Իր ռազմավարական հիմնական ուղղություններից ելնելով՝ Ընկերությունը երկարացնում է պարտատոմսերի ժամկետայնությունը, և սա առաջին քայլն էր այդ ուղղությամբ:

Իր առաքելության շրջանակներում Կազմակերպությունը իրականացնում է ՀՀ հիփոթեքային շուկայի զարգացման տարբեր ծրագրեր։ Մասնավորապես, ՀՀ կառավարությունից ներգրավված միջոցների հաշվին Կազմակերպությունը իրականացրել է ՀՀ հիփոթեքային վարկերի շուկայի վարկավորման ծրագիր, իսկ 2011թ. հուլիս ամսից` ԳերմանաՀայկական Հիմնադրամի հետ համատեղ Գերմանական KFW Entwicklungsbank բանկի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագիրը։
2013թ. դեկտեմբերի 17-ին Ընկերությունը 13.7 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի պայմանագիր է ստորագրել Ֆրանսիական զարգացման գործակալության հետ՝ բնակարանային էներգոարդյունավետության բարձրացման և միկրովարկերի ֆինանսավորման ծրագրի իրականացման նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս