«Կա հանցավոր պայմանավորվածություն. Ալիևն ասում է, իսկ Փաշինյանը կատարում է, սա է նրա խաղաղության գինը». Միքայել Նահապետյան

Օգոստոսի 20-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հստակ հայտարարեց, որ Տիգրանաշենը ՀՀ տարածք չէ, այն չի մտնում իր կողմից հռչակված ՀՀ 29.743 քկմ տարածքի մեջ։

168.am-ի հետ զրույցում հասարակական գործիչ Միքայել Նահապետյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության և Տիգրանաշենին սպասվող հնարավոր վտանգների մասին, նկատեց՝ Ադրբեջանը գործողությունների լրացուցիչ կարիք չունի, եթե Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է արել, նշանակում է՝ գոյություն ունեն նախնական պայմանավորվածություններ։

«Ընդ որում, դա հանցավոր պայմանավորվածություն է, որովհետև ինչ-որ տարածք Հայաստանի մաս համարել-չհամարելու հարցը լուծվում է համաժողովրդական հանրաքվեով։

Մի կողմից՝ իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանի սահմանները շատ հստակ են, բոլորդ պետք է ճանաչեք այդ սահմանները, որը միստիկ թիվ է՝ 29.743 քկմ տարածք։ Մատն ինչի վրա դնում ենք, ասում է՝ հա, դա այդ տարածք մեջ է, բայց 6 ամիս հետո ասում է՝ չէ, մեջը չէ։  Քաղաքական առումով այստեղ ասելիք չկա»,- նշեց Միքայել Նահապետյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, այստեղ գլխավոր հարցն այն է, թե ինչ պետք է անի հայ հանրությունը։

«Այս պահին չեմ տեսնում գործուն կազմակերպչական պոտենցիալ կամ ենթակառուցվածք դրա դեմ ինչ-որ բան անելու համար։

Վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ իլյուզիաներ չունեն. բոլորն ամեն ինչ հրաշալի հասկանում են։

Քայլեր չձեռնարկելու պատճառն այն է, որ քաղաքական ուժերը կորցնելու բաներ ունեն և առաջնորդվում են սառը հաշվարկներով, ընդ որում՝ այդ հաշվարկների առանցքում իրենց կորցնելու այդ բաներն են։ Իսկ քաղաքացիական հասարակություն, որպես այդպիսին, չկա, երբ ասում են՝ քաղաքացիական ենթակառուցվածք չկա, հենց սրա մասին են խոսում։ Այսինքն՝ նրանք, ովքեր պետք է ձևավորեին ու լեգիտիմացնեին այդ օրակարգը՝ չկա, հետևաբար՝ դա անել-չանելու հարցը մնում է քաղաքական ուժերին, որոնք ունեն հաշվակներ ու լուծելու խնդիրներ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը հանձնում է Տիգրանաշենը, փոխարենը Հայաստանն Ադրբեջանից ի՞նչ է ստանում, Միքայել Նահապետյանը պատասխանեց՝ ոչինչ։

«Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները հենված են Ալիևի պահանջները միակողմանիորեն կատարելու վրա։

Տարածաշրջանում ձևավորվել է նոր ճարտարապետություն, որտեղ Ալիևն ասում է, իսկ Փաշինյանը կատարում է, սա է Փաշինյանի խաղաղության գինը։

Մարդիկ, ովքեր ժամանակին ինքնիշխանություն գոռալով՝ փորձում էին ազատվել հին տերերից, հիմա ընկել են կալիբրով շատ ավելի փոքր տերերի ձեռքը»,- ընդգծեց Միքայել Նահապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենի վերաբերյալ մասնավորապես ասել էր.

«Մենք՝ Հայաստանը և Ադրբեջանը, խաղաղություն ենք հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Ալմաթայի հռչակագրի ընդունման պահին Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և հենց այդ քարտեզներով ենք Կիրանցի հատվածում իրականացրել սահմանազատումը։ Ըմբռնումն այն է, որ հենց այդ քարտեզներով էլ պետք է շարունակենք սահմանազատման գործընթացը։ Հիմա, այդ քարտեզների համաձայն՝ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին, Բարխուդարլուն և Ասկիպարան Հայաստանի տարածք չեն։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Հիմա մեր ընկալումն ինչպիսի՞ն է. արդյոք այս հարցը պետք է լուծվի՞, թե՞ ոչ։

Այո՛, այս հարցը պետք է լուծվի։ Արդյոք կա՞ տարբերակ այս հարցերը ռազմական ճանապարհով լուծելու համար. ոչ, չկա՛ այդպիսի տարբերակ։

Հարցերը ռազմական ճանապարհով լուծելն անցյալում է և փակված էջ։ 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը։ Հայաստանի տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է։ Այդ 29,743 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը ներառված է՝ բնականաբար, որպես մեր էքսկլավ։ Մեր տարածքում գտնվող ադրբեջանական անկլավները ներառված չեն, հետևաբար՝ այդ տարածքները դուրս են այդ 29,743 քառակուսի կիլոմետրի հաշվարկից, բայց սահմանազատման պրոցեսների արդյունքում Հայաստանի տարածքը պետք է լինի 29,743 քառակուսի կիլոմետր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31