«Մենք հանգիստ ենք, Վեհափառը մինչև կյանքի ավարտին մնալու է կաթողիկոսական գահին. որևէ իշխանություն իրավունք չունի Կաթողիկոսին հեռացնելու». Տեր Փառեն
Օգոստոսի 20-ին Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանն իր ճեպազրույցում կրկին անդադարձել է Վեհափառ Հայրապետին՝ ասելով. «Նրան հեռացնելու հարցը Կառավարության օրակարգում է»։
Փաշինյանը նաև հայտնեց, որ այս հարցի առնչությամբ շուտով զեկույց է հրապարակվելու, որտեղ, ինչպես նա նշեց՝ կլինեն բոլոր հարցերի պատասխանները։
«Որևէ քահանա չի կարող լինել «նիկոլական», «սամվելական» կամ «ռոբական», բոլոր քահանաները պետք է լինեն «հիսուսական» և ուրիշ ոչ մի բան։ Ես էլ կարող եմ լինել Հայաստանի հանրապետությունական։
Ես այս թեմային տասնյակ անգամ անդրադարձել եմ և ընտրությունների միջով 2 անգամ թեման անցել է։ Որպես հեղափոխութւյամբ իշխանության եկած մարդ, ասում եմ՝ ՀՀ ժողովուրդը միշտ էլ կարող է հեղափոխություն անել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը հերթական անգամ ցավով արձանագրեց, որ նման խոսույթ գոյություն ունի, և չցանկացավ անդրադառնալ դրան։
Ինչ վերաբերում է Կաթողիկոսի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ապա քահանան ասաց.
«Մենք միշտ ենք ասել, որ Վեհափառ Հայրապետը մնալու է մինչև կյանքի վերջ, այդպես են եկեղեցու կանոնները։
Որևէ իշխանություն կամ կուսակցություն իր նախաընտրական ծրագրով ու ծրագրերով իրավունք չունի ու չի կարող Վեհափառ Հայրապետին հեռացնել։ Մենք հանգիստ ենք, որովհետև Վեհափառը մինչև իր կյանքի ավարտին մնալու է կաթողիկոսական գահին»։
Երբ քահանային հիշեցրինք, որ դեռևս 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, որ պետությունն ու եկեղեցին անջատ են և պետությունը երբեք չպետք է միջամտի եկեղեցու գործերին, Տեր Փառենը նկատեց.
«Այո, այդպես է, եթե մարդը սկզբում մի բան է ասում, հետո այլ բան, թող հանրությունը դատի»։
Նշենք, որ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարում էր, որ «Եկեղեցին և պետությունն անջատ են, և պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին: Ես համոզված եմ, որ վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին. ես այս դիրքորոշմանն եմ»։
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ թիրախավորել է Հայ Առաքելական եկեղեցին և Վեհափառին՝ հայտարարելով, թե Կաթողիկոսը խախտել է «կուսակրոնության ուխտը», ուստի պետք է հեռանա։ Նախորդ տարի նա գրեթե ամեն օր իր ֆեյսբուքյան էջում գրառումների միջոցով մենախոսում էր, թե՝ «եթե կաթողիկոսն ունի զավակ, պետք է խոստովանի», զուգահեռ նաև սաղմոսներ մեջբերում։ Իսկ այս տարի արդեն Վեհափառ հայրապետին հեռացնելու գործընթացն ամրագրվել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում։

