Բոլորը կդառնան «ընդդիմադիր». «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլծավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրել է.
««Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը վերջերս մի կանխատեսում է արել, որի հետ այս անգամ ես լիովին համաձայն եմ: Նա կանխատեսել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, երբ էլ դրանք տեղի ունենան, կլինեն զուտ «ընդդիմադիր»: Այո, շատ հավանական է, որ այդպես էլ լինի՝ դատելով քաղաքական ուժերի այսօրվա հռետորաբանությունից: «Կորչեն թալանչիները»,- գոռալու են նրանք, ովքեր վերջին 20 տարվա այս կամ այն ժամանակահատվածում զբաղվել են թալանով եւ միլիոնատեր դարձել:
«Կորչեն արագաչափերը՝ դրանց սաղ փողը լցվում է Սաշիկի գրպանը»,- բացականչելու են նրանք, ում գրպանն այս ընթացքում լցվում էր քաղաքացիներից հավաքված բազմաթիվ գումարներով: «Բա էլ խեղճ ժողովուրդը ո՞նց ապրի` բացի պանդուխտի ցուպը բռնելուց»,- ծնկներին են խփելու նրանք, ովքեր այդ նույն ժողովրդի հաշվին պալատներ են կառուցել: «Կորչեն մադրիդյան սկզբունքները՝ ոչ մի թիզ հող դարավոր ոսոխին»,- կուրծք են ծեծելու մադրիդյան սկզբունքների համահեղինակները: «Թույլ չենք դա պետական ռեկետ՝ կուտակային կենսաթոշակի տեսքով»,- երգչախմբով երգելու են «կուտակայինի» երբեմնի ջատագովները:
Մի խոսքով՝ բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, հեծնելու են «պոպուլիստական ձիուկները», եւ ոչ ոք չի ցանկանա բացատրություն տալ՝ եթե ամեն ինչ իրոք այդքան վատ է, ես ի՞նչ եմ արել, որ այս վիճակը չստեղծվի: Ժողովրդին դուր եկող ճառեր արտասանելը բոլորն են սովորել, չնայած միեւնույն է՝ ոչ ոք 90-ականների Արշակ Սադոյանին չի գերազանցի: Թե՛ հիմա եւ թե՛, բնականաբար, ընտրությունների ժամանակ, չկան եւ չեն լինի իրավիճակի սթափ, սառը գնահատականներ, որոնք չեն կարող լինել միայն հասարակական բողոքների արտացոլումը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: