«Իրանը լուրջ փաստի առաջ է կանգնեցրել ԱՄՆ-ին. Իսրայելը բացահայտ չի միջամտում երրորդ էսկալացիային». Դավիթ Ջամալյան

Հուլիսի 26-ին իրանական լրատվամիջոցները փոխանցելով Իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիայի հայտարարությունը, ասել էին, որ  Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դադարեցրել է իր հարձակումները։

Նա ընդգծել է, որ հակամարտության այս շրջանում Իրանի վարքագիծը հիմնված է «փոխադարձության» վրա, և, որ տեղում իրավիճակի ցանկացած փոփոխություն կհանգեցնի Թեհրանի համաչափ պատասխանին։

Ավելի վաղ ԱՄՆ-ը գրեթե երկու շաբաթվա անընդմեջ ռազմական գործողություններից հետո դադարեցրել էր Իրանի դեմ ռմբակոծությունները, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան ասել էին, որ այլևս հարվածելու շատ թիրախներ չկան, ինչպես նաև մտահոգություն էին հայտնել ամերիկյան սպառազինությունների պաշարների սպառման կապակցությամբ։

Չնայած այս հարաբերական հրադադարին, երեկ Թեհրանը Կիևին մեղադրել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի հարվածելու համար, որի հետևանքով մեկ նավաստի զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրն անպատասխան չի թողնի այս հարձակումը։

Կարդացեք նաև

Արաղչին հավելել է, որ զրուցել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և հայտնել նրանց, որ Ուկրաինայի գործողությունը «չի կարող անպատասխան մնալ»։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 25-ին։ Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ երկաթով բեռնված նավը Ռուսաստանի Աստրախան քաղաքից ուղևորվում էր իրանական Անզալի։ Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է հարձակումը և կանչել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։

Իրան-ԱՄՆ այս հրադադարը արդյո՞ք երկար կյանք կունենա, փոխադարձ հարվածների վերսկսման դեպքում ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ, և դրանք ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի վրա։

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ ԱՄՆ-ում հասկանում են, մասնավորապես՝ Թրամփի ընդդիմախոսները, նաև նրա շրջապատը, խոսում են այն մասին, որ Իրանի դեմ սանձազերծված այս վերջին էսկալացիան արկածախնդրություն էր։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը լինելով ինքնաբավ երկիր, ունենալով շատ լուրջ ռազմարդյունաբերական համալիր, ընդ որում, հեռանկարներ ունեցող, լինելով բազմաբևեռ աշխարհի ուժային կենտրոններից մեկը, ունենալով Ռուսաստանի, Չինաստանի անթաքույց աջակցությունը, ոչ միայն կարողանում է հաջողությամբ դիմակայել այս ագրեսիային, այլև նախահարձակ ակտիվություն հանդես բերել։ Հետևաբար՝ Իրանը լուրջ փաստի առաջ է կանգնեցրել Միացյալ Նահանգներին, որի վարկանիշին լուրջ հարված է հասցնում։

Թրամփն իր դեմքը պահելու փորձ է անում, ինչն, իհարկե, արկածախնդրություն է»,- 168.amի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։

Ըստ ռազմական փորձագետի, այս գործընթացները միջազգային թատերաբեմ են հանելու ուժերի, որոնք, իհարկե, նախկինում էլ կային, սակայն նրանց դիրքերն ավելի են ամրապնդվելու. այս ուժերն են Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը։

Դավիթ Ջամալյանը վստահ է՝ այս փոխադարձ ռազմական հարձակումներն ավարտվելու են, այսպես կոչված, «ոչ-ոքի հաշվով», մեծ հաշվով՝ հօգուտ Իրանի, քանի որ հարվածները, որոնք Իրանը հասցնում է Միացյալ Նահանգներին, շատ ցավոտ են։ Այդ ամենի դեմ ԱՄՆ-ը չունի հակազդելու միջոցներ, ի տարբերություն Իրանի, որը գիտեր իրեն հարվածելու մասին։

«Այս ամբողջ գործընթացին միացել է նաև Եմենը, հութիները հարված հասցրեցին Սաուդիան Արաբիային։ Նեղուցը փակելու հետ մեկտեղ՝ միջազգային ծովային առևտրի ու նավթի գներն են բարձրանալու, լուրջ հարված է հասցվելու Նահանգների տնտեսությանը, այսինքն՝ Թրամփի համար այստեղ լավ սցենար չկա։ Իսկ Իրանի համար, իհարկե, կորուստները մեծ էին ու ցավոտ, բայց Իրանը շահեկան դիրքերում է, էսկալացիայի առաջին երկու փուլերում հաղթողի կարգավիճակով է դուրս եկել։

Եթե նկատել եք, Իսրայելը բացահայտ կերպով չի միջամտում այս երրորդ էսկալացիային, որովհետև Իրանը շատ ցավոտ հարվածներ է հասցրել Իսրայելին, ևս նման մի քանի հարված, և Իսրայելը կարող է այլևս չդիմանալ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Դավիթ Ջամալյանի բնորոշմամբ՝ Իրանն իր հրթիռային արդյունաբերությունը ոչ միայն չի կորցրել, այլև արագ տեմպերով համալրում է։ Իրանը նույնիսկ այնքան հեռու գնաց, որ սեփական զինված ուժերի ներկայացուցիչներին ու սպառազինությունը մատակարարում է Եմենին։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ փորձագետի, այս պայմաններում ակնհայտ է, որ ԹՐԻՓՓ-ը որևէ հեռանկար չունի։

«Մեկ տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար փաստորեն տարածք և հանձնեց, ըստ էության, «միջանցք» հանձնեց ամերիկյան հովանու ներքո Ադրբեջանին ու Թուրքիային։ Այդ պահին ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում ավելին էր, քան հիմա է։ Շատ հստակ է հայտարարված, որ այդ «միջանցք» ասվածը բացվելու է իրենց ցանկությամբ ու իրենց կանոններով։ Մեզ համար ողբերգությունն այն է, որ ուժային կենտրոնների ընկալմամբ Հայաստանը ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ է։ Խնդիրն այն է, թե այս դեպքում այդ «միջանցքն» ինչ պայմաններով կարող է բացվել։

Եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, ինչը, կարծում եմ, անխուսափելի է և վաղ թե ուշ լինելու է, նոր իշխանությունը, Իրանի ու Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ վերականգնելուց հետո, պարզապես պետք է պատմության աղբամանը նետի այդ ԹՐԻՓՓ կոչվածը և Հայաստանի սուբյեկտայնության դիրքերը բարձրացնի ու այդ դիրքերից բանակցի։

Մեկ բան էլ ասեմ՝ մեզ համար շատ ուսանելի պետք է լինի բարեկամ Իրանի ժողովրդի անցած այս ճանապարհը, թե ինչպես կարողացան ժամանակն օգտագործել ու վերածվել Միացյալ Նահանգներին պայմաններ թելադրողի»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։

Հիշեցնենք, որ Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները երկուստեք դադարեցվել էին դեռևս հունիսի 18-ին, որից հետո խոսում էին բանակցություններ սկսելու և համաձայնագիր ստորագրելու մասին, սակայն հրադադարից օրեր անց հարվածները կրկին վերսկսվել էին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031