Գիշերվա խոր լռության մեջ նա կրկին տեսավ հերթական երազը… Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Գիշերվա խոր լռության մեջ նա կրկին տեսավ հերթական երազը։

Սկզբում թվաց՝ անապատ է։ Տաք քամին ավազի հետ խառնում էր մոխիրը։ Հետո օդը լցվեց այրվող փայտի ճարճատյունով, երկաթի զարկերի ձայնով ու մարդկային աղաղակներով։ Երկինքը կարմրել էր, իսկ հորիզոնում բոցերի միջից աստիճանաբար ուրվագծվում էին քաղաքի պարիսպները։

Նա քայլեց դեպի կրակը։

Քաղաքի դարպասների վրա ծածանվում էին հաղթանակի դրոշները։ Փողոցներում դեռ շարունակվում էր մարտը։ Հաղթանակի հոտը խառնվել էր ծխին ու արյանը։

Քաղաքի կենտրոնում, մի մեծ եկեղեցու առջև, կանգնած էր զրահապատ մի մարդ։ Նրա սրից դեռ արյուն էր կաթում։ Շուրջը՝ կապկպված Արդեբիլի էմիրը և նրա հետ գերեվարված մի քանի սելջուկ իշխանավորներ։

Նա չէր ճչում, չէր հայհոյում՝ դեմքին միայն քարացած վճռականություն կար։

Եկեղեցու դռները փակվեցին։

Մի քանի ակնթարթ անց ներսից բարձրացան բոցերը։

Փաշինյանը սարսռաց։

Այդ պահին անծանոթ զորավարը դանդաղ շրջվեց դեպի նրա կողմը։

։— Ո՞վ ես…

— Ես Զաքարե Զաքարյանն եմ։

— Որտե՞ղ ենք։

— Արդեբիլում։

— Ո՞ր տարին է։

— Տիրոջ 1205 թվականը։

Փաշինյանի հայացքը սևեռվեց բոցերին։

— Դու… նրանց այրեցի՞ր…

Զաքարեն առանց աչքը թարթելու պատասխանեց.

— Ես եկեղեցին չայրեցի։ Ես դատեցի Արդեբիլի էմիրին ու նրա հետ թաքնված սելջուկ իշխանավորներին։ Նրանք կարծում էին, թե սրբավայրի պատերը կարող են պաշտպանել նրանց դատաստանից։

Մի պահ լռեց։

— Հինգ հարյուր երկու տարի առաջ, 703 թվականին, մեր նախարարներին նույնպիսի խորամանկությամբ եկեղեցի մտցրին, դռները փակեցին ու ողջակիզեցին Նախճավանի Խրամ եկեղեցում։ Նրանք կարծում էին, թե կրակը կարող է ոչնչացնել նաև ժողովրդի հիշողությունը։

Զաքարեն նայեց դեպի բոցերը։

— Սխալվեցին։ Հինգ դար անց նրանց հանցանքը դեռ հիշվում էր։ Ոչ թե ատելությունից, այլ որովհետև ժողովուրդը, որ մոռանում է իր զոհերին, վաղ թե ուշ կորցնում է նաև իր ազատությունը։

Փաշինյանը կամաց ասաց.

— Բայց ժամանակները փոխվել են, սպարապետ։ Այսօր պետությունները գոյատևում են փոխզիջումներով։ Եթե ժողովուրդներն անվերջ հիշեն անցյալի վիրավորանքները, խաղաղություն չի լինի։

Զաքարեն թեթև ժպտաց։

— Դու խաղաղությունն ու մոռացությունը շփոթել ես իրար հետ։

Նա ծնկեց, վերցրեց մոխրի մի բուռ և թողեց, որ այն քամին տանի։

— Ես Արդեբիլ չեմ եկել վրեժի համար։ Ես եկել եմ հիշեցնելու, որ պատմությունը ժամկետ չունի։ Ազգի հիշողությունը չի հաշվվում ընտրաշրջաններով։

Հետո հանկարծ հարցրեց.

— Գիտե՞ս, թե ով էր ինձ սովորեցնում, որ պետությունը միայն սրով չի կառուցվում։

Փաշինյանը լուռ մնաց։

— Իմ ուսուցիչն ու խոստովանահայրը Մխիթար Գոշն էր։
Նա ինձ սովորեցրեց, որ օրենքը սրի շարունակությունն է, իսկ սուրը՝ օրենքի պաշտպանը։ Եթե հաղթանակից հետո օրենք չես հաստատում, հաղթանակդ փոշիանում է, ավելին, եթե օրենքը կտրում ես պատմությունից, պետություն չես ունենա։

Զաքարեն դանդաղ քայլեց դեպի եկեղեցու պատը։

— Երբ ազատագրեցինք Ամբերդը, արձանագրության մեջ հիշատակեցի իմ կապը Արծրունիների հետ։ Երբ Հաղպատում արձանագրություն կանգնեցրի, վկայեցի իմ և Բագրատունիների կապի մասին։

Նա ձեռքը դրեց սառը քարին։

— Ինչո՞ւ էինք դա անում, որովհետև մենք պատմությունը մեզնից չէինք սկսում։ Մենք մեզ համարում էինք նրանց գործի շարունակողը։ Ժողովուրդը, որը խզում է իր կապը նախնիների հետ, անպայման կխզի նաև կապն իր հետագա սերունդների հետ։

Փաշինյանը փորձեց հակադարձել.

— Բայց պետությունը պետք է առաջ նայի, ոչ թե մշտապես հետ։

— Ոչ,— հանգիստ պատասխանեց Զաքարեն։ — Պետությունը միշտ առաջ է նայում, բայց առաջ նայելու համար նախ պետք է իմանա, թե որտեղից է գալիս։

Նա սուրը հանեց պատյանից և շեղբի ծայրով հողի վրա սկսեց գծել քաղաքների անունները։

— Անի…

Սուրը շարժվեց դեպի հարավ։

— Մանազկերտ…

Հետո դեպի Վանա լճի ափերը։

— Արճեշ…

Ավելի հարավ։

— Մարանդ…

Հետո՝ Թավրիզ…

Այնուհետև՝ Ղազվին…

— Իսկ Բասենի դաշտում ջախջախեցինք Իկոնիայի սուլթանի զորքը։

Նա մի պահ լռեց։

— Շատերը կարծում են, թե ես միայն Անին եմ ազատագրել, բայց Անին միայն սկիզբն էր։

Զաքարեն ուղղվեց ամբողջ հասակով։

— Քսան տարի ես ու եղբայրս՝ Իվանեն, պատերազմից պատերազմ էինք անցնում։ Ոչ հարստության և ոչ էլ փառքի համար։ Մենք ազատագրեցինք Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք և այդ հողի վրա ստեղծեցինք ինքնուրույն հայկական պետություն։ Դա ոչ ոք մեզ նվեր չտվեց․ այն կառուցվեց հավատով, օրենքով, սրով և պատմական հիշողությամբ։

Հետո նա երկար նայեց Փաշինյանին։

— Դու ինձ ասում ես՝ մոռացեք, որ խաղաղ ապրեք։ Ես քեզ ասում եմ՝ ժողովուրդը կարող է ներել, բայց իրավունք չունի հրաժարվել իր հիշողությունից։ Ով հրաժարվում է իր անցյալից, վաղ թե ուշ սկսում է ապրել ուրիշի պատմության մեջ։

Քամին բարձրացավ։

Մոխրի միջից սկսեցին երևալ պատկերներ։ Անին, Հաղպատը, Ամբերդը, Մանազկերտը, Արճեշը… Հետո պատկերները միախառնվեցին ավելի ուշ դարերի հետ։ Կարծես ամբողջ հայկական պատմությունը մեկ հոսք էր դարձել։

Զաքարեն խոսեց վերջին անգամ.

— Մարդը կարող է պարտվել մի ճակատամարտում ու հետո հաղթել պատերազմը։ Ազգն էլ կարող է կորցնել քաղաքներ, հետո վերագտնել դրանք։ Բայց այն ժողովուրդը, որ սեփական կամքով հրաժարվում է իր հիշողությունից, այլևս չի հաղթում երբեք։

Ամեն ինչ սկսեց անհետանալ մշուշի մեջ։

Բոցերը մարեցին։

Զաքարեի կերպարն աստիճանաբար լուծվեց գիշերվա մեջ, և միայն նրա վերջին խոսքերն էին շարունակում արձագանքել.

— Հիշիր. պետությունը սահմաններից առաջ հիշողություն է։ Իսկ պատմությունից հրաժարված ժողովուրդը վաղ թե ուշ հրաժարվում է նաև իր հայրենիքից։

Փաշինյանը կտրուկ արթնացավ։ Սենյակում կատարյալ լռություն էր։

Բայց նրա ականջներում դեռ հնչում էր Զաքարեի ձայնը՝ անցած ութ դարերի խորքից եկող մի պատգամի պես.

— Պատմությունը չի պատկանում նրան, ով այն վերաշարադրում է, այլ նրան, ով իրեն համարում է դրա շարունակությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031