Իմ մոտեցումը լինելու է գործնական. Հովիկ Աբրահամյանը՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին
Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին:
Ողջունելով ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին՝ կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար, քանի որ մենք շարունակելու ենք ավելի զարգացնել և ամրապնդել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ մեր համագործակցությունը: Ես համոզմունք ունեմ, որ դա շատ կարևոր է մեր երկրի, տնտեսության, քաղաքացիական հասարակության համար: Սա երրորդ աշխատանքային օրն է իմ նշանակվելուց հետո, և կարևորելով այս ոլորտի ապագան և կառավարության հետ համագործակցությունը՝ ես տրամադրված եմ ավելի ակտիվացնելու մեր հանդիպումներն ու քննարկումները, լսելու ձեր մտահոգությունները և առաջարկությունները: Իմ մոտեցումը լինելու է գործնական. ոչ միայն այս ոլորտի, այլև բոլոր ոլորտների հետ մեր բոլոր պայմանավորվածությունները լինելու են խոսք և պատասխանատվություն: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը և առաջարկությունները»:
Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը հակիրճ ներկայացրել է մինչ օրս կառավարության և ՏՏ ոլորտի միջև ծավալված համագործակցությունը և իրականացված ծրագրերը. ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այդ նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր, գործում է ՀՀ վարչապետին կից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ, արդեն ավանդույթ են դարձել պարբերական հանդիպումները և քննարկումները տարբեր ձևաչափերով: Մասնավորապես նման համագործակցության վերջին արդյունքը ՏՏ ոլորտում նոր ստեղծվող ձեռնարկությունների արտոնությունների տրամադրման նախագիծն էր, որը կառավարությունն ուղարկել է ԱԺ՝ նպատակ ունենալով առանձնահատուկ պայմաններ ստեղծել տեխնոլոգիական ձեռնարկատիրության խթանման համար:
ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ ՀՀ վարչապետը ներկաների հետ քննարկել է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման արդյունքում ստեղծված իրավիճակը և կարևորել երկխոսության ձևաչափի շրջանակում հարցերի շարունակական քննարկումը: Վարչապետը կարևորել է կադրերի պատրաստման խնդիրը՝ այն համարելով առանցքային ոլորտի հետագա զարգացման համար:
Անդրադարձ է արվել նաև մարզերում ՏՏ բնագավառի զարգացմանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել այս հանդիպումները՝ համագործակցության և երկխոսության ճանապարհով ցանկալի արդյունքների հասնելու համար: