Ինչպես Ալլա Պուգաչովան… չեն ցանկանում թողնել բեմը
Հայաստանի վերնախավում դարձյալ կռիվ է ընկել՝ կա պաշտոն, ազդեցություն, լծակ և ապագայի հանդեպ վերահսկողություն սահմանելու խնդիր: Քաղաքական ուժերը հանդիպում են, փսփսում, հոգոցներ հանում, իսկ շարքային քաղաքացիներն օբյեկտիվորեն անհաղորդ են իրադարձություններին:
Նրանց տեղեկացնել, թե հանուն ինչի են հրաժարական ներկայացնում և որ արժանիքները հաշվի առնելով են վարչապետի նոր թեկնածու առաջադրելու, ոչ ոք չի շտապում: Սահմանադրությամբ մեկ-երկու խոսքով շոյված է մեր ինքնասիրությունը՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Սակայն մեր` շարքային քաղաքացիներիս մասնակցությունը նման գործընթացներին, որպես կանոն, չի խրախուսվում կամ ենթադրվում: Նույնիսկ ենթադրում եմ, որ մեր ակտիվությունը սոցցանցերում, սպասումները որոշակիորեն զվարճացնում ու լիցքաթափում են բանակցող կողմերին:
Քաղաքացիներիս գործոնը որքան անէական է ՀՀԿ-ի և նրա առաջնորդի համար, նույնքան խորհրդանշական է նաև ԱԺ ընդդիմադիր ուժերի դեպքում: Եվ նրանք, համաձայնենք, իրավացի են: Քաղաքական չորս ուժերն այսօր իրենց թիկունքին լուրջ, ազդեցիկ ընտրազանգված չունեն: Ունեն ֆան-ակումբներ, համակիրների փոքրիկ, բայց համառ խմբեր: Համակիրների առատությամբ չի կարող հպարտանալ նաև «Ա1+»-ի ՝ վարչապետի հավանական թեկնածուների ցանկում 3 միլիոն ձայն հավաքած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Սակայն փոքրիկ այս պայմանականությունը չի խանգարում, որ քաղաքական չորս ուժերն ակտիվորեն միջառևտրային հարաբերությունների մեջ մտնեն՝ չունենալով վստահության պաշար և որպես գործիք ունենալով միայն տոտալ անվստահությունը և անհանդուրժողականությունը Սերժ Սարգսյանի և նրա թիմակիցների հանդեպ:
Բոլոր ուժերը, որոնք այս 23 տարիներին համառորեն և նույն կազմով ապարեզում են, ունեցել են իշխանություն, ունեցել են այն լծակները, որոնց միջոցով հնարավոր էր երկրում մթնոլորտ փոխել:
Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է հանրապետության նախագահ երկար տարիներ: Ավելի մեծ լծակ՝ լինել երկրի նախագահ, ունենալ սեփական թիմ, թերևս, չի լինում: Հիշենք նույն ընտրակեղծիքները, Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքը, թե եթե անգամ ընդդիմության թեկնածուն 100 տոկոս ձայն հավաքի, միևնույն է, չի անցնի, և այլն, և այլն:
Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական վերջին ընտրություններին, ըստ էության, ստացել էր ավելի շատ ձայներ, քան Սերժ Սարգսյանը, ուներ իրեն ընտրած քաղաքացիների աջակցությունը: Ի՞նչ արեց նա մեր վստահության և քվեների հետ. դրանք, կարծեմ, այրվեցին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի վրա:
Գագիկ Ծառուկյանը, տասնամյակներ է՝ վայելում է երկրի առաջին օլիգարխի տիտղոսը: Նա փոփոխություննե՞ր է ցանկանում: Այդ դեպքում՝ ինչո՞ւ չսկսեր իրենից և չդառնար օրինապաշտ տնտեսվարող, որը քաղաքականության վրա ազդելու հավակնություններ առհասարակ չպետք է ունենար՝ գիտակցելով, որ իր կրթությունը, գործունեության ոլորտն ամենևին չեն ենթադրում դառնալ մեր երկրում քաղաքականություն թելադրող մեկը:
Իսկ այսօր նա օլիգարխ է, որն ակտիվորեն և անմիջականորեն միջամտում է երկրի վարչապետ նշանակել-չնշանակելուն:
Մյուս ուժը, որը ևս հրապարակ մտնելու պահը որսացել է, Դաշնակցությունն է: Այս կուսակցությունը ևս մի քանի փորձ ունի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու: Նախագահական բոլոր ընտրություններից հետո, երբ իշխանությունները, որպես կանոն, ընտրակեղծիքի, ընտրակաշառքի միջոցով հաղթանակն իրենց էին վերագրում, այս կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնում էր այնպես, կարծես տեքստը պատկաներ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գրչին՝ երկիմաստ ու իրարամերժ մեկնությունների ենթակա:
Փաստն այն է, որ այսօր էլ ալեզարդ այս կուսակցությունն ունի ինչ-որ տեղ պահած յոթ կետանոց ծրագիր, որի ընդունումից հետո կարող է դիտարկել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու նպատակահարմարությունը:
Սերժ Սարգսյանն՝ իր անհաջող թիմով, հասցրել է այնքան ձանձրացնել բոլորին, որ նրան այլևս չտեսնելու հեռանկարը շատերին կարող է համախմբել ԲՀԿ-ի շուրջ: Հենց ԲՀԿ-ի, քանի որ Գագիկ Ծառուկյանի ապարտամենտում և ոչ այլ չեզոք վայրում էին հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու, ասում են, Ստեփան Դեմիրճյանը, որը, հասկանալի պատճառներով, կադրից դուրս է մնացել. բազկաթոռն ու վարագույրներն անհամեմատ պերճախոս էին, քան այն, ինչի շուրջ այնքան գաղտնապահ են զրույցի մասնակիցները:
Այս ուժերին հավատալուն և նրանց կողքին կանգնելուն խանգարում են հիշողությունները. մեկ տարի առաջ, նախագահական ընտրություններին նրանք չառաջադրեցին իրենց թեկնածությունը (բացառությամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի): Անգամ հիմա նրանք չունեն վարչապետի միասնական թեկնածու: Այս ոչ այն է` ՝չորս, ոչ այն է՝ երեք ուժերի բանակցություններն այնքան փակ են ու խորհրդավոր, որ անգամ նրանց կուսակիցներն ու մերձավորները տեղեկատվության չեն տիրապետում:
Ինչ մնում է Հանրապետական կուսակցության առաջնորդին, ապա նրա հավաստիացումները, թե չի պատրաստվում երիցս նախագահ լինել, որևէ մեկին չեն սփոփում: Այս կուսակցությունն՝ իր անդամներով, իրոք անաքրոնիզմ է. քծնանքը, շողոմությունը, սեփական անձն առանց բարդույթների և հաճուքով նվաստացնելը հիշեցնում է 4-րդ դարի պարսից արքունիքի նիստուկացը՝ ներքինիների հարուստ փորձով:
Այս իշխանությունը պետք է հեռանա, և դա ՀՀ քաղաքացիների գոնե մեծամասնության ցանկությունն է: Սակայն, եթե նրան պետք է փոխարինեն վերոնշյալ չորս ուժերը, ապա շտապել, թերևս, պետք չէ: Սա խաղ է, ուր երկրի քաղաքացիների գործոնը որևէ կողմի հետաքրքրության առարկան չէ:
Մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, մնում է բարեկրթորեն մի կողմ քաշվել և չմիջամտել մեզ չվերաբերող գործերին: