ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ մտցնել Կոնգո կամ Ուգանդա ուղևորությունների համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ուսումնասիրելով հասանելի տվյալները էբոլա տենդի բռնկման վերաբերյալ, դեռևս խորհուրդ չի տալիս սահմանափակումներ մտցնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն կամ Ուգանդա ուղևորությունների համար: Այդ մասին հայտնել են կազմակերպության ռուսաստանյան գրասենյակից։
«Հենվելով ընթացիկ բռնկման վերաբերյալ առկա տեղեկատվության վրա՝ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս որևէ սահմանափակում մտցնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կամ Ուգանդայի հետ առևտրի կամ այդ երկրներ ուղևորությունների համար», – ԱՀԿ-ից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին։
Էբոլա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը պայմանավորված է ֆիլովիրուսով։ Հիվանդության ախտանիշներից են՝ տենդը, թուլությունը, մկանային ցավը, գլխացավը, ցավերը կոկորդում և որովայնի շրջանում, փսխումը, փորլուծությունը, ցանը, իսկ առանձին դեպքերում բացառված չէ նաև արնահոսությունը։
Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Էբոլայի բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում հայտարարեց միջազգային նշանակության արտակարգ դրություն։
Վիրուսի հետևանքով մահացության դեպքերը 139-ն են, իսկ վարակումների դեպքերը գերազանցում են 600-ը։



