Տնտեսական «սառը պատերազմ». Ինչպե՞ս է Մոսկվան թիրախավորում հայկական բիզնեսը

Հետխորհրդային տարածաշրջանի ամենաերկարատև, կանխատեսելի համարվող առանցքներից մեկը՝ Երևան-Մոսկվա ռազմավարական դաշինքը,  ապրում է իր պատմական ամենախորը ճգնաժամը։ Այն, ինչ տարիներ շարունակ որակվում էր՝ որպես «ռազմավարական գործընկերություն», ներկայումս հայտնվել է մի բացահայտ փակուղում, որտեղ կողմերի միջև կուտակված խնդիրները հասել են կրիտիկական կետի։

ՀՀ մայրաքաղաք Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կարծես դարձավ շրջադարձային կետ հայ-ռուսական հարաբերություններում և  հատկապես ՌԴ էլիտայի ընկալումների տեսանկյունից։ Այս գագաթնաժողովից հետո ռուսական կողմը սրեց հռետորաբանությունը՝ առաջարկեց ապահարզան, ԵԱՏՄ առաջիկա  նիստում Հայաստանի եվրոպական ձգտումների հարցի ներառում, տնտեսական արտոնություններից զրկելու մասին ակնարկներ։

Ռուսական կողմն ըստ էության վերջնագիր է ներկայացնում՝ ընտրել ԵԱՏՄ-ն կամ հեռանալ ԵԱՏՄ-ից, քանի որ ԵԱՏՄ-ն անհամատեղելի է ԵՄ-ի հետ։ Սա ռուսական կողմը հայտարարում է թե փոխարտգործնախարար Գալուզինի, ԱԳ նախարար Լավրովի, թե փոխվարչապետ Օվերչուկի, Շոյգուի և ՌԴ նախագահ Պուտինի մակարդակով։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն իր վերջին անդրադարձում ասել է, թե Մոսկվայում չեն կարող ընդունել այն քաղաքականությունը, որը վարում է Հայաստանի ղեկավարությունը, այն է՝ պահպանել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, քանի դեռ, այսպես ասած, չի անցել Եվրոպական միության անդամակցությանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ քննարկումները հաճախ ունեն պոպուլիստական բնույթ, և նման գործընթացներ նախկինում տեղի են ունեցել նաև այլ երկրներում։ «Հայաստանին ԵՄ-ին ներգրավելը պոպուլիստական ​​կարգախոս է. նույն մարտավարությունը կիրառվել է Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում»,- ասել է նա։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ձեռնարկում է քայլեր, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն:

«Գաղտնիք չէ, որ այդ երկրի ղեկավարությունը վերջին շրջանում ձեռնարկում է քայլեր, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»,- ռուսական «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Շոյգուն այսօր կայացած հատուկ աշխատանքային խմբի նիստում:

Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային հարթակներում պարբերաբար միանում է Եվրոպական միության դիրքորոշմանը, ինչպես նաև ակտիվորեն աշխատում է ստանդարտների փոփոխման և ԵՄ-ի հետ մաքսային ու առևտրային ռեժիմների ներդաշնակեցման ուղղությամբ, «ինչը կարող է չհամապատասխանել ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»։

«Անցկացվում են համատեղ զորավարժություններ, վերջին տարիներին Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվել են մի շարք քայլեր, որոնք միանշանակ ոչ բարեկամական բնույթ ունեն։ Հենց այդպես ենք գնահատում Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալը, Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելը»,- ասել է նա։

Շոյգուն քննադատության է ենթարկել Երևանի կողմից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ելույթ ունենալու հնարավորության տրամադրումը:

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Զելենսկու ելույթում հնչել են սպառնալիքներ ՌԴ հասցեին, այդ թվում՝ Հաղթանակի շքերթին հարվածների սպառնալիքներ:

«Դա ոչ այլ ինչ է, քան ծաղր ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակի նկատմամբ, ովքեր մարտնչել են նացիզմի՝ այդ բացարձակ չարիքի դեմ, չխնայելով իրենց կյանքը»,- հայտարարել է Շոյգուն: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն էլ  հայտարարել էր, թե Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, իսկ այդպես Երևանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր օգուտները։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռուսական կողմից հնչող հայտարարություններին, ասել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ ՀՀ-ն այդպիսի ցանկություն չի ներկայացրել։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է ԵԱՏՄ-ում ՀՀ-ի անդամակցությունը սառեցվի, մինչև ՀՀ-ն կողմնորոշվի, Միրզոյանն արձագանքել է.

«Չի կարող այդպիսի բան լինել․ դա ՀՀ-ի կոնսենսուսային ձայներով որոշվող, առաջնորդվող կազմակերպություն է, ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել»։ Իր մեկ այլ անդրադարձում Միրզոյանն ասել է, որ շահագրգռված են Ռուսաստանի հետ և՛ երկկողմ, և՛ ԵԱՏՄ շրջանակներում  բնականոն մտերիմ գործընկերային հարաբերությունների պահպանման մեջ։ Նա գտնում է, որ այդ հարաբերությունները փոխշահավետ են, և կարծում, որ այդ գործընկերությունը նորմալ շարունակվում է։ «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ նորմալ ամեն ինչ շարունակվի»,- ասել է նա։

Չնայած ՀՀ վստահեցումներին, թե ԵԱՏՄ-ում շարունակում են կառուցողական անդամակցությունը, ռուսական կողմը սկսել է փոքր սանկցիաներ կիրառել հայկական բիզնեսի նկատմամբ։ Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման վրա, հայտարարել է ծառայությունը, որն ուժի մեջ է մտնում մայիսի 22-ից։ Արգելքն ուժի մեջ կմնա մինչև ջերմոցների ստուգման ավարտը և արդյունքների վերլուծությունը։

Որոշումը կայացվել է Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգությունը և արտահանման ներուժը պաշտպանելու համար։ «Չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության կողմից տրված երաշխիքներին՝ ԵԱՏՄ-ի համար կարանտինային տեսակների հայտնաբերումը շարունակվում է։ Ներմուծված 96,2 միլիոն ծաղկային արտադրանքից գրանցվել է 135 դեպք։ Սա կազմում է 2025 թվականի ընթացքում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%-ը»,- ասվում է հայտարարության մեջ։

Մի քանի օր առաջ Ռուսաստանը հայտարարել էր, թե ուժեղացրել է Հայաստանից ներմուծվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական վերահսկողությունը:

«Ռոսսելխոզնադզոր»-ը պատրաստվում է ստուգել մի շարք հայկական ձեռնարկություններ, որոնց արտադրանքի առաքումը Ռուսաստան նախկինում կասեցվել էր՝ ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածի պատճառով»,- հայտնել է ծառայությունը՝ ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի բանակցություններից հետո։

Իսկ ավելի վաղ՝ ապրիլ ամսին, ռուսական կողմը հայկական ապրանքի նկատմամբ հերթական սահմանափակման մասին էր տեղեկացրել: Ռուսական շուկայում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրերի վաճառքը։

Հայաստանի պաշտոնական շրջանակների փորձերը՝ հարաբերությունների ճգնաժամը քողարկելու «փոխշահավետ տնտեսական գործընկերության» մասին թեզերով, այլևս չեն արտացոլում երկկողմ օրակարգի  ծանր իրականությունը։

Մեր տեղեկություններով, ՀՀ քաղաքական վերնախավում և հատկապես գործարար համայնքում ներկայումս հասունանում է խոր տագնապ, քանի որ Մոսկվայի կողմից հնչեցվող քաղաքական վերջնագրերն աստիճանաբար վերածվում են թիրախային պատժամիջոցների։

Հայկական կապիտալի համար ռուսական հսկայական շուկան, որը տարիներ շարունակ եղել է տնտեսության հիմնական սնուցող երակը, քիչ քիչ դադարում է գոյություն ունենալ՝ որպես վստահելի շուկա։ Ռուսաստանի զգուշացումների առաջին «փորձնական» հարվածներն արդեն զգում է հայկական բիզնեսը։

Այս համատեքստում «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայկական ծաղկային արտադրանքի, ձկնամթերքի կամ «Ջերմուկի» նկատմամբ կիրառվող սահմանափակումները պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին բուսասանիտարական խնդիր, այլ որպես Մոսկվայի գործիքակազմի դասական դրսևորում։

Ռուսական կողմն ի ցույց է դնում Հայաստանի տնտեսական բացարձակ խոցելիությունը՝ հասկացնելով, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության և եվրոպական ձգտումների գինը վճարելու են հայաստանյան արտահանողները, ի վերջո՝ հայ ժողովուրդը։

Տեղական գործարար շրջանակները կանգնած են  մարտահրավերի առաջ, քանի որ ՌԴ արտահանվող պատրաստի արտադրանքի ծավալները հնարավոր չէ ամիսների ընթացքում վերակողմնորոշել դեպի Եվրամիության խիստ ստանդարտներով կարգավորվող շուկա մի իրավիճակում, երբ եվրոպական շուկաներում էլ բազմաթիվ խնդիրներ կան։

Ակնհայտորեն, Մոսկվայի տնտեսական այս «նախազգուշական քայլերը» ներկայացնում են Մոսկվայի լծակների միայն չնչին մասը։ ՀՀ իշխանությունների թաքնված մտահոգությունները կապված են շատ ավելի ռազմավարական ոլորտների հետ, ինչպիսիք են էներգետիկ կախվածությունը, էժան գազի մատակարարումները, հայկական ատոմակայանի կառավարումն ու Ռուսաստանից ակնկալվող տրանսֆերտների հնարավոր սահմանափակումները։

Հայ-ռուսական հարաբերությունները մտել են մի փուլ, որտեղ Մոսկվայի դիրքորոշումն ավելի քան հստակ է. քաղաքական անվտանգային մերձեցումն Արևմուտքի հետ ավտոմատ կերպով կհանգեցնի տնտեսական այն արտոնությունների չեղարկմանը, որոնց վրա խարսխված է Հայաստանի ներկայիս տնտեսական կայունությունը։

Հայաստանյան իշխանություններն, ըստ մեր տեղեկությունների, իրականում որոշակի ռազմավարական հույսեր են կապում ադրբեջանական ու թուրքական շուկաների «բացման» հեռանկարի հետ, ինչի անուղղակի վկայությունն էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի վերջերս կատարած աննախադեպ այցը Երևան։

Այս այցի շրջանակներում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ է ունեցել հայաստանյան գործարար շրջանակների հետ՝ քննարկելու երկկողմ առևտրի հնարավորությունները։ ՀՀ իշխանությունները փորձում են սա դիտարկել որպես ռուսական տնտեսական կախվածությունից ազատվելու իրական հնարավորություն, թեև գործարար համայնքը, ըստ մեր տեղեկությունների,  ծայրահեղ կասկածամտությամբ է վերաբերվում ռուսական հսկայական շուկան ադրբեջանականով փոխարինելու այս ծրագրերին։

ՀՀ իշխանությունները մոտ ապագայի լուծումների տեսանկյունից եվրոպական շուկաները նույնիսկ չեն էլ դիտարկում։

Այսպիսով, Երևանն այսօր կանգնած է ծայրահեղ վտանգավոր և անորոշ սպասումների շեմին, որտեղ ռուսական տնտեսական հարվածներին դիմակայելու արդյունավետ ու տեսանելի ռազմավարության բացակայությունը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրային այլընտրանքների մառախլապատ հեռանկարը հայկական տնտեսությունը դնում են  անկանխատեսելի աշխարհաքաղաքական փորձարկման տակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031