Բաժիններ՝

Համաշխարհային տնտեսության և ՀԲ-ի նվերը՝ ՀՀ ապագա վարչապետին

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր հերթական զեկույցը` «Հայաստան. ավելի շատ դինամիզմի ակնկալիքով» (Armenia: Looking for More Dynamism)։

2013 թվականի տնտեսական զարգացումները ներկայացնելուց զատ` ՀԲ մասնագետները ներկայացրել են նաև այս և հաջորդ տարվա կանխատեսումները։ Գլխավոր կանխատեսումներից մեկն այն է, որ Հայաստանի ՀՆԱ իրական աճն այս տարի և 2015 թվականին կարող է կազմել 5%։

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, ըստ ՀԲ փորձագետների, այս տարի կկազմի 3752 դոլար, իսկ հաջորդ տարի`4110 դոլար։
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության կողմից հաստատված 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին, որը նախատեսում է տարեկան մինչև 6-7% աճ և ՀՆԱ-ի կրկնապատկում մինչև 2025 թվականը, ՀԲ մասնագետներն այն գնահատում են լավատեսական, քանի որ տնտեսության վերականգնումը ճգնաժամից հետո դանդաղ է ընթանում, և այն դեռևս զգայուն է ցնցումների նկատմամբ։

Ըստ ՀԲ փորձագետների, համաշխարհային գների փոփոխությունները Հայաստանի տնտեսության համար բարենպաստ չեն։ Մասնավորապես` մետաղների միջազգային գները, ըստ զեկույցի, 2011թ. սկզբին իրենց պիկին հասնելուց հետո` 2013 թվականի նոյեմբերին, անկում ապրեցին 30%-ով։

Միջնաժամկետ հեռանկարում համաշխարհային շուկաներում գների դինամիկան կարող է շոկ առաջացնել Հայաստանի համար և նվազեցնել երկրի արտահանումն ու ֆիսկալ եկամուտները։ Գնանկումն ազդել է Հայաստանի 2013 թվականի մակրոտնտեսական ցուցանիշների վրա, իսկ 2013 թվականի երկրորդ կեսին շարունակված գնանկումը կարող է ազդել նաև 2014 թվականի տնտեսական աճի ցուցանիշի վրա։

Ըստ ՀԲ զեկույցի` ՀՀ տնտեսության հիմնական ռիսկը Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղումն է։ Դա պայմանավորված է Հայաստանի մեծ կախվածությամբ ՌԴ-ից կատարվող մասնավոր փոխանցումներից, ներդրումներից և դեպի ՌԴ արտահանման մեծ ծավալներից։ Զեկույցի հեղինակները չեն մոռացել նաև Ուկրաինայի ճգնաժամի մասին և նշել են, որ այդ ճգնաժամն ու ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են կրճատել Հայաստանից Ռուսաստան արտահանումը, մասնավոր փոխանցումները, ինչպես նաև հանգեցնել հայ աշխատանքային միգրանտների վերադարձին Ռուսաստանից Հայաստան։

ՀՀ արտահանման մեծ մեջ տեսակարար կշիռ ունի նաև Եվրամիությունը, այդ իսկ պատճառով ՀՀ տնտեսության վրա բացասաբար ազդող գործոնների թվում շարունակում է մնալ եվրոյի գոտու ռեցեսիան։
Սակայն ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կարող է թվալ։

Զեկույցի հեղինակները գտնում են, որ բարձր եկամուտ ունեցող երկրները կմեծացնեն համաշխարհային պահանջարկը, քանի որ նրանց աճն արագանում է։ Ըստ նրանց, զարգացած երկրները վերջնականապես հաղթահարել են վերջին տարիների ծայրահեղ թուլությունը. 2013 թվականի 2.4% աճի փոխարեն` 2014-2016թթ. կանխատեսվում է 3.2-3.5% աճ։

Բարձր եկամուտներ ունեցող 3 հիմնական տնտեսություններից (ԱՄՆ, Եվրամիություն և Ճապոնիա) վերականգնման տեմպերն ավելի տպավորիչ են ԱՄՆ-ում։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա այնտեղ վերականգնումն ավելի դանդաղ կընթանա։ Սակայն, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, եվրոյի գոտու աճի առաջատարը կլինի Գերմանիան, որը Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունն է։

Համաշխարհային բանկը հիշեցնում է, որ բարձր եկամուտ ունեցող երկրների կողմից ներկայացվող պահանջարկի աճը կարագանա` 2013թ. 2.4%-ից 2016թ. հասնելով 4.2%-ի:

Արդյունքում` կարագանան նաև համաշխարհային առևտրի աճի տեմպերը և 2016 թվականին կհասնեն 5.1%-ի (2013թ. 3.1%-ի փոխարեն)։ Ըստ ՀԲ մասնագետների` սա զարգացող երկրներին կօգնի հաղթահարել բարձր տոկոսադրույքների և կապիտալ հոսքերի թուլացման բացասական հետևանքները։ Կոնկրետ Հայաստանը, ըստ զեկույցի հեղինակների, կարող է շահել արտաքին պահանջարկի աճից, եթե ընդլայնի եվրոգոտու հետ իր առևտրատնտեսական կապերը։ Թերևս, զեկույցի վերնագիրը (ավելի շատ դինամիզմ) կապված է հենց այս կոչ-խորհրդի հետ։

Ուշագրավն այն է, որ ՀԲ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս սերտացնել առևտրատնտեսական կապերը եվրոյի գոտու հետ, երբ Հայաստանն արդեն կես ոտքով Մաքսային միությունում է։ Զեկույցը պատրաստվել է` ներառելով ընդհուպ 2014 թվականի մարտ ամսվա զարգացումները։ Սա նշանակում է, որ ՀԲ մասնագետները չեն բացառում հակադրումը Մաքսային Միության և Եվրամիության ուղղությունների միջև։

Ավելին, զեկույցում նաև ամփոփ գնահատվել են այն օգուտներն ու կորուստները, որոնք Հայաստանը կարող է ունենալ` անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը:

Նախնական վերլուծությունն արվել է ՀՀ կառավարության խնդրանքով։
ՀԲ մասնագետները նշել են, որ ներմուծման մաքսատուրքերը Հայաստանում, ամենայն հավանականությամբ, կբարձրանան։ Մաքսատուրքերի բարձրացման արդյունքում երրորդ երկրներից ներմուծման ծավալները կնվազեն մոտ 110 միլիոն դոլարով (ՀՆԱ-ի 1%-ը)։ Ըստ ՀԲ մասնագետների` այդ կրճատման ծավալի միայն փոքր մասը կփոխհատուցվի Եվրասիական տնտեսական տարածքից ներմուծման հաշվին։ ՀՀ բնակչության գնողունակությունը որոշ չափով կնվազի` գների թանկացման պատճառով։ Սակայն ՀԲ մասնագետները չեն շտապում այդ պնդումը միանշանակ համարել, քանի որ հնարավոր է` Հայաստանի մաքսատուրքերը չբարձրացվեն ԵՏՏ-ի մակարդակին, կամ կարող է արվել աստիճանաբար։

Ինչ վերաբերում է հնարավոր օգուտներին, ապա դրանք ավելի առարկայական կդառնան միջնաժամկետ հեռանկարում։ Հնարավորություններն ավելի մեծ կլինեն, եթե Հայաստանին հաջողվի պահպանել ավելի ազատ առևտրային ռեժիմը` տնտեսական տարածքի մյուս երկրների համեմատ։ Տեսականորեն, Հայաստանը կարող է գրավիչ շուկա դառնալ Եվրասիական տնտեսական տարածքով հետաքրքրված ներդրողների համար։

Սակայն դա կախված է նաև նրանից, թե ինչ դիրքորոշում կորդեգրեն ԵՏՏ մյուս անդամ երկրները։ Բացի առևտրային ազդեցությունից` ՀԲ մասնագետները նշում են, որ Հայաստանը կշահի նաև ավելի մատչելի գնով ռուսական գազ ձեռք բերելու շնորհիվ։ Սակայն արդյո՞ք այս օգուտները կարող են ծածկել այն վնասները, որոնք Հայաստանը կարող է ունենալ` ՄՄ-ին անդամակցելով, զեկույցի հեղինակները չեն պարզաբանել` նշելով, որ անհրաժեշտ է լրացուցիչ վերլուծություն։

Մի խոսքով, ՀԲ կանխատեսումները վատը չեն։ Իհարկե, կանխատեսելով 5% տնտեսական աճ, ՀԲ-ն փոքր-ինչ ավելի հոռետես է գտնվել, քան ՀՀ կառավարությունը (հիշեցնենք, որ 2014 թվականի պետական բյուջեի հիմքում դրվել է ՀՆԱ իրական աճի 5.2% աճ)։ Առավելագույնը, որ ասում են ՀԲ մասնագետները, այն է, որ 2014-2017թթ. ընթացքում տնտեսական աճը կարող է հասնել մինչև 5.5%-ի։

Սակայն ընդհանուր առմամբ` արտաքին գործոնների բացասական ազդեցությունը թուլանում է, և բոլոր նախադրյալները կան կայուն աճ ապահովելու համար։ Այս առումով, կարելի է ասել, որ ՀՀ նոր վարչապետի բախտը բերել է. նորմալ տնտեսական քաղաքականություն իրականացնելու պարագայում նա պետք է որ չձախողվի։ Այսինքն` տնտեսական առումով սա բավականին բարենպաստ պահ է վարչապետի պաշտոն ստանձնելու համար։ Սակայն մյուս կողմից, եթե ՀԲ կանխատեսումները համաշխարհային տնտեսության մասով իրականություն դառնան, ապա ՀՀ ապագա վարչապետն արդարանալու տեղ չի ունենա ձախողման դեպքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս