Հ. Ներսիսյան 14/1 շենքի բնակիչները «ՆՈՐՄԵԴ» կենտրոնին կոչ են անում շինարարությունն իրականացնել ՍՆԻՊ նորմին համապատասխան
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հ. Ներսիսյան 14/1 շենքի բնակիչները հարևանությամբ ընթացող ապօրինի շինարարությունը կանխելու նպատակով պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել: Այդ տարածքում շենքի ընդլայնման շինարարական աշխատանքներ է իրականացնում «ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնը: Բնակիչների պնդմամբ, կենտրոնը շինարարություն իրականացնելու թույլտվություն ունի, սակայն այդ աշխատանքներն իրականացնում է «Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՍՆԻՊ 2.07.01-89 շինարարական նորմի խախտմամբ: Մասնավորապես, դա վերաբերում է հակահրդեհային անվտանգության և սանիտարակենցաղային պահանջներին:
Ինչպես «168 ժամ» թերթի թղթակցին հայտնեց շենքի բնակիչներից մեկը, նրանք դեմ չեն շինարարությանը, սակայն պահանջում են, որպեսզի աշխատանքներն իրականացվեն քաղաքաշինական և անվտանգության նորմերին համապատասխան: «Կոչ ենք անում բժշկական կենտրոնին զերծ մնալ ապօրինություններից և պահանջում ենք անհապաղ համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ խախտումները վերացնելու ուղղությամբ»,- ասել է բնակիչը: