Վրեժ Մարկոսյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասին. Է՜ն ամենաներքևի օղակներից ա աճել

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանի համոզմամբ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից լավ կաշխատի: 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե նոր վարչապետ է նշանակվելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց. «Շատ լավ վարչապետ կարող է դառնալ, ես դրական եմ գնահատում»:

Վրեժ Մարկոսյանն ասաց, թե ինքը չգիտի՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի իրական դրդապատճառը, բայց կարծում է, որ դա նաև ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից սկսած գործընթացի հետևանքն էր:

«Դե դա էլ էր պատճառ, քառյակը դեմ էր, դա էլ պատճառ եղավ: Հովիկը կաշխատի ավելի լավ, հաստա՛տ: Որովհետև նա սկսել է շատ ներքևից, է՜ն ամենաներքևի օղակներից ա աճել, շատ լավ գիտի ամեն ինչ, լավ պատկերացնում է միջին բիզնես, ցածր բիզնես… Կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանից լավ կաշխատի»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Հովիկ Աբրահամյանը կարող է ընդունելի թեկնածու լինել նաև ընդդիմության համար:

Ինչ վերաբերում է իշխանական կոալիցիայի կազմի հնարավոր ընդլայմանը, ապա հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավո՞ր համարո՞ւմ է, որ քառյակի անդամ կուսակցությունները մաս կազմեն նոր ձևավորվող կառավարությանը: Ի պատասխան Վրեժ Մարկոսյանն ասաց. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին, չգիտեմ: Բայց դե եթե ազգիս պետք են, կարող են լավ բան անել, թող գան, կոալիցիա կազմեն, ինչո՞ւ չէ»:

Այնուամենայնիվ, նա նշեց, թե համաձայն չէ այն տեսակետների հետ, որ քառյակը կառավարությանն անվստահություն էր հայտնում կառավարությանը մաս կազմելու, պաշտոններ ստանալու համար: «Ես համաձայն չեմ, չէ»: Հարցին, թե քառյակը տեղի՞ն էր պայքարում, նա պատասխանեց. «Այո՛»:

Ըստ նրա՝ Տիգրան Սարգսյանը վատ չի աշխատել, բայց թե ինչո՞ւ են նրանից այդքան դժգոհել, պատգամավորը չի կարողանում բացատրություն գտնել: «Նա շատ լավ գիտեր մեր բանկային համակարգը, բայց այնպես չէ, որ… դժգոհողներից հարցրեք, թե ինչու էին դժգոհում»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս