Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանի 6 տարիները

2008թ. ապրիլին, երբ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, քչերն էին հավատում, որ նա այդ պաշտոնում կմնա 1 տարուց ավելի։

Սակայն այնպես ստացվեց, որ Տ. Սարգսյանը բավականին երկար պաշտոնավարեց` ուղիղ 6 տարի։ Ավելի երկար ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է միայն Անդրանիկ Մարգարյանը։

Մարդիկ կային, որ սպասում էին նրա հրաժարականին, մարդիկ կային, որ պահանջում էին և հրաժարականի լուրն առնելուն` պես` շնորհավորում էին միմյանց։ Սակայն, անկախ Տ. Սարգսյանի նկատմամբ վերաբերմունքից` նա կմնա Հայաստանի նորանկախ պատմության մեջ` որպես ամենաերկարակյաց վարչապետերից մեկը։

Մենք փորձել ենք մի քանի հիմնական տնտեսական ցուցանիշների հիման վրա ամփոփել Տիգրան Սարգսյանի վարչապետության 6 տարիները։
Եվ այսպես, մինչև նրա նշանակվելը ՀՀ տնտեսությունը` համախառն ներքին արդյունքն աճում էր բավականին բարձր տեմպերով, մի քանի տարի` անգամ երկնիշ թվով։ Այլ հարց է, թե այդ աճը որքանով էր նպաստում զարգացմանը և ընդհանուր բարեկեցությանը։

Տ. Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում` 2008թ., համախառն արդյունքի աճը կազմեց 6.8%։ Դա նախատեսվածից ցածր էր մի քանի տոկոսային կետով։ 2009 թվականին համաշխարհային ճգնաժամի ազդեցությամբ ՀՀ տնտեսությունն անկում ապրեց 14.1%-ով։ Հետո սկսեց դանդաղ վերականգնվել։ 2010 թվականին` 2.2% աճ, 2011թ.` 4.7%, 2012թ.` 7.2%։ 2013 թվականին ակնկալվում էր կրկին 7% աճ (նման հանձնարարական էր տվել երկրի նախագահը), սակայն ՀՆԱ աճը կազմեց ընդամենը 3.5%:

2008թ. վերջին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 3 տրիլիոն 650 միլիարդ դրամ, 2013թ. վերջին` 4 տրիլիոն 266 միլիարդ դրամ։ Սակայն դոլարային արտահայտությամբ հակառակ պատկերն է. 2008-ի վերջին` 11.7 միլիարդ դրամ, 2008-ի վերջին` 10.4 միլիարդ դրամ։ Այսինքն` Տիգրան Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց հասնել տնտեսության մինչճգնաժամային մակարդակին։

Nerdrumner-2008-2013

Անկման ամենավառ ցուցանիշը շինարարությունն էր, որի վրա հիմնված էր նախորդ տարիների աճը։ 2008թ. շինարարական արտադրանքի ծավալը կազմում էր 842.3 միլիարդ դրամ, իսկ 2013-ին` շուրջ երկու անգամ պակաս` 442.2 միլիարդ։
Տ.Սարգսյանն ու նրա կառավարությունը շինարարության անկումը մտահոգիչ համարում էին, սակայն դրա մեջ դրական երանգ էին փորձում գտնել` նշելով, որ տնտեսությունն առողջանում է, դիվերսիֆիկացվում` մյուս ճյուղերի հաշվին։

Արդյունաբերության և շինարարության տեսակարար կշիռն իրոք մեծացավ տնտեսության մեջ։

Մասնավորապես, արդյունաբերության ծավալը 2008թ. 751.2 միլիարդից հասավ 1 տրիլիոն 240.5 միլիարդ դրամի (2013-ին)։ Իսկ ծառայությունները նույն ժամանակահատվածում 731.6 միլիարդից աճեցին մինչև 1 տրիլիոն 22.7 միլիարդի։
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2008թ. 91.3 հազար դրամ էր։ 2013թ. դեկտեմբերի վերջին` 158.9 հազար դրամ։ Անվանական աշխատավարձն այս տարիների ընթացքում աճել է 1.74 անգամ։

Սպառողական գներն այդ ընթացքում աճել են 1.4-1.5 անգամ։ Այսինքն, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, բնակչության գնողունակությունն այժմ ավելի բարձր է, քան 6 տարի առաջ։

Սակայն 2.5 տոկոսային կետով ավելացել է աղքատության ցուցանիշը` հասնելով 35%-ի։ Գործազրկության մակարդակը նույնպես ցանկալի ուղղությամբ չի փոփոխվել. 2008թ. 16.4% էր, այժմ` 17.5%-ի շրջակայքում։

Տ. Սարգսյանի կառավարությանը հաջողվել է այս ընթացքում կրճատել արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը։ 2008 թվականին այն կազմում էր 3 միլիարդ 342 միլիոն դոլար, 2013-ին` 3 միլիարդից ավելի քիչ։ Դա տեղի է ունեցել արտահանման առաջանցիկ աճի շնորհիվ։

Սակայն Տ. Սարգսյանի կառավարության ամենից շատ քննադատվող ուղղությունը հենց արտաքին հատվածն է։

Նախ` խոսքը վերաբերում է արտաքին պարտքին։ 2008թ. ՀՀ արտաքին պարտքը շուրջ 1.5 միլիարդ դոլար էր (ՀՆԱ-ի 13.2%-ը), 2013թ. վերջին` շուրջ 4 միլիարդ դոլար։ Քննադատությունը ոչ միայն արտաքին պարտքը մեծացնելու պատճառով էր, այլ ներգավված գումարների անարդյունավետ օգտագործման։

Իսկ ամենախոցելի հատվածը մնացին օտարերկրյա ներդրումները։ Չնայած Տ. Սարգսյանի օրոք կատարվեցին բիզնես գործունեությունը դյուրացնող մի շարք բարեփոխումներ, և Հայաստանն առաջընթաց գրանցեց հեղինակավոր միջազգային զեկույցներում, սակայն ներդրումները մինչև այսօր էլ գահավիժում են։

2008թ. ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմում էր ուղիղ 1 միլիարդ դոլար, ինչը 71.9%-ով բարձր էր նախորդ տարվա ցուցանիշից։ 2013թ. իրական հատվածում ՕՈՒՆ-ները կազմել են ընդամենը 271.1 միլիոն դոլար (կրկնակի պակաս 2012-ից)։

Եվ, իհարկե, վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է շուրջ 250 հազար մարդ, ինչը շատերը պայմանավորում էին հենց Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության աշխատանքով։

Այսինքն` անգամ պաշտոնական տվյալներով` Տ. Սարգսյանի պաշտոնավարման 6 տարիները տնտեսության առումով դժվար է բարենպաստ համարել։ Սակայն միամտություն կլինի այս ցուցանիշների համար մեղավոր համարել միայն Տ.Սարգսյանին։ Ինչպես բազմիցս նշել ենք, ՀՀ տնտեսությանն էական օգուտ չէր կարող բերել անգամ Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետների թիմը, որովհետև խնդիրներն ավելի խորքային են ու համակարգային։

Ինչևէ, Տ. Սարգսյանը` անկախ այս ցուցանիշներից, կլինի հիշվող վարչապետ։ Նա կհիշվի ոչ միայն այս վիճակագրական ցուցանիշներով, այլև ԱՊՊԱ-ի ներդրմամբ, ամրագոտիները գցելու պահանջով, ճգնաժամի դասերով, գիտելիքահենք տնտեսություն, Դիլիջանում` ֆինանսական կենտրոն, և Ջերմուկում` զբոսաշրջային կենտրոն, Գյումրիում` տեխնոպարկ ստեղծելու թեկուզ` չիրականացված նպատակներով, էլեկտրոնային կառավարմամբ և, իհարկե, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով։

Ծրագրերի ու նպատակների մի մասը հաջողվեց իրականություն դարձնել, մի մասը` մասամբ, մի մասը` ոչ։ Իրականություն դարձած նախագծերի, օրինակ, ԱՊՊԱ-ի դեպքում էլ եղել են թե քննադատություններ, թե՛ կողմ կարծիքներ։ Սակայն կարծում ենք` Տ. Սարգսյանի ամենամեծ երազանքը, որ այդպես էլ չիրականացավ, ՀՀ իշխանական համակարգում ներքին, մտածելակերպի հեղափոխություն իրականացնելն էր։

Այդ մասին նա խոսում էր իր նշանակման առաջին իսկ օրվանից։ Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, նա բավական շուտ հետ քաշվեց իր այդ նպատակից` հասկանալով, որ դա անհնար է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս