Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել չընդհատվող ռեժիմով. քաղաքապետարան
Մայրաքաղաքում տեղացող աննախադեպ առատ ձյան հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին տեղերում անձամբ հետևում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատասխանատուները զեկուցել են քաղաքապետին, որ ձնամաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտից և որ ձյան շերտից առաջնահերթորեն մաքրվում են գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները: Զեկուցվել է նաև, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի համապատասխան բոլոր օղակներն ու 12 վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: Տեղերում աշխատանքների ընթացքը համակարգվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել չընդհատվող ռեժիմով և պարբերաբար զեկուցել իրականացված աշխատանքների մասին, անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև լրացուցիչ մեքենասարքավորումներ: Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների ընթացքը պահել անձնական հսկողության տակ և տեղերում հետևել դրանց պատշաճ կազմակերպմանը: Տարոն Մարգարյանը նաև հանձնարարել է զուգահեռաբար կազմակերպել մայթերի մաքրման աշխատանքներ: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է, փողոցների երթևեկելի հատվածների ձնամաքրման աշխատանքներն ավարտելուց հետո, ձեռնամուխ լինել բակային տարածքներում համանման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն