Վարդան Այվազյանը` Միքայել Մելքումյանին. «Իրար եք ուտելու»
«Ես ռեալ դաշտից եմ, ուտոպիական դաշտից չեմ, 1+1=2: Անվստահության մեխանիզմ գոյություն ունի, բարի ցանկությունների տեղ չի: Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է: Քաղաքական 4 ուժերը վաղուց համագործակցում են և կառավարության ցանկացած լուրջ գործառույթներին «դեմ» են քվեարկում, բայց մեծամասնություն չեն, չի անցնելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը՝ մեկնաբանելով 4 ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
Ըստ նրա՝ անկախ գումարելիների փոփոխությունից՝ գումարը չի փոխվում, իսկ ՀՀԿ-ն, նույնիսկ առանց կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի, մեծամասնություն է: Վ.Այվազյանի կարծիքով՝ ՀՀԿ-ականները չեն անցնի մյուս դաշտ. «Լուծումների ճանապարհը քաղաքական հարթությունում է: Համեմատում են Վրաստանի հետ, այլ ձևով, բայց իշխանության ուժը կենտրոնացած է մեծամասնությանմեջ: Իսկ ԱԺ-ից դուրս իշխանությունն իրականացվում է ընտրությունների միջոցով»:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի խոսքով՝ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի մաս էր կազմում, բայց քաղաքական ազդեցությունից զրկված էր, 2012թ. ընտրություններից հետո թեև կրկին կոալիցիա կազմելու առաջարկ եղավ, բայց չմտան կոալիցիայի մեջ. «Հիմա տեսել ենք, որ ցանկացած բան մերժվում է, մենք ավելի ակտիվացնում ենք մեր գործունեությունը, գնահատական ենք տալիս կառավարության գործունեությանն ու անվստահություն ենք հայտնում»:
«Այսինքն՝ դուք արդեն ընդդիմադի՞ր եք»,- հարցադրում արեց:
Մ.Մելքումյանն անպատասխան թողեց այդ հարցն ու նշեց, թե 4 ուժերը միասնական ծրագիր կունենան ու կպայքարեն, ամեն ինչ քայլերով է արվում. «Մենք այդքան շռայլություն չենք կարող թույլ տալ, որ Մայդան լինի: Ապրիլի 28-ին դրվելու է իշխանափոխության հարցը»:
Վ.Այվազյանը հակադարձեց, թե այդպես մինչև հաջորդ ընտրություն չեն հասնի, կքանդվեն. «Գոնե ձեր ստվերային կառավարության հարցը որոշե՞լ եք: Հարյուր տոկոս՝ չեք կիսելու: Եթե որոշեք, իրար եք ուտելու»: