Ամերիկյան զորքերը կարող են ամբողջովին դուրս բերվել Աֆղանստանից. Օբաման՝ Կարզային
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզային սպառնացել է, որ ամերիկյան զորքերը կարող են ամբողջովին դուրս բերվել երկրից, եթե Քաբուլը չստորագրի անվտանգության մասին երկկողմ համաձայնագիրը:
Կարզայի հետ հեռախոսազրույցի ժամանակ Օբաման ընդգծել է, որ Պենտագոնն արդեն իսկ մշակել է Աֆղանստանից զորքերի ամբողջովին դուրս բերման պլան, որի համաձայն, 2014 թվականից հետո Աֆղանստանում անվտանգության ապահովման գործընթացն ամբողջովին հանձնվում է այդ երկրի զինված ուժերին ու իրավապահ մարմիններին:
Օբաման չի բացառել, որ անվտանգության մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել Աֆղանստանի հաջորդ նախագահի հետ, առավել ևս, որ նախագահի բոլոր թեկնածուները կողմ են արտահայտվել դրան: Դրա հետ մեկտեղ Օբաման նկատել է, որ որքան ուշ ստորագրվի այդ պայմանագիրը, այնքան քիչ ամերիկացի զինվորական կմնա Աֆղանստանում:
Համիդ Կարզայն արդեն մի քանի ամիս է, ինչ ձգձգում է այդ համաձայնագրի ստորագրումը՝ հայտարարելով, որ դա պետք է անի իր իրավահաջորդը: Աֆղանստանում նախագահական ընտրությունները նշանակված են այս տարվա ապրիլին: