Կասպից ծովում իրանա-ադրբեջանական հակամարտությունն ունի սրվելու միտում
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Իրանն օտար նավթային ընկերություններին հրավիրել է մասնակցել Կասպից ծովի խորջրյա նավթահանքերի մշակմանը: Այս մասին նախորդ շաբաթ խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդարը:
Նրա խոսքերով՝ Իրանի ներքին ջրերում ընկած կոնդենսատային հանքավայրերի մշակումը հնարավոր է միայն ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ, մինչդեռ Իրանը ներկայումս չունի այդպիսի հնարավորություն:
Իրանցի նախարարն ընդգծել էր, որ մյուս երկրները պետք է հարգանքով վերաբերվեն Իրանի կողմից իր ներքին ջրերում նավթի արդյունահանմանը, իսկ հարևան երկրները պետք է նավթարդյունահանում իրականացնեն միայն սեփական տարածքում:
Քանի որ ցայժմ հստակեցված չէ Կասպից ծովի իրավական կարգավիճակը (ծով թե լիճ), «Իրանի ներքին ջրեր» արտահայտությունը վիճելի է հնչում: Իրանը հանդես է գալիս Կասպից ծովը մերձկասպյան 5 երկրի միջև հավասարաչափ կիսելու օգտին, որի դեպքում յուրաքանչյուրի բաժնեմասը կազմելու է 20 տոկոս:
Սակայն մերձկասպյան մյուս երկրները հանդես են գալիս միջին գծի սկզբունքով Կասպից ծովը բաժանելու օգտին, որի դեպքում Իրանին բաժին կընկնի Կասպից ծովի տարածքի 12-14 տոկոսը: Խաղադրույքներն այս հարցում շատ բարձր են:
Դեռևս 2009 թվականին ԱՄՆ-ի էներգետիկայի գործակալությունը հայտարարել է, որ Կասպից ծովի հետախուզված նավթի պաշարները կազմում են 250 միլիարդ բարել, և որ կա ևս 200 միլիարդ բարելի պոտենցիալ: Իսկ գազային պաշարները կազմում են ավելի քան 9.2 տրիլիոն խորանարդ մետր:
2001 թվականին Իրանը ռազմական ուժ է կիրառել ադրբեջանական նավերի նկատմամբ, որոնք հետախուզում էին իրականացնում վիճելի համարվող «Արազ Ալով» հանքավայրում: BP-ն այն ժամանակ հարկադրված էր եղել տվյալ շրջանում դադարեցնել իր աշխատանքները:
Միջադեպից հետո իրանական մարտական ինքնաթիռներըսկսել էին ագրեսիվ ձևով թռիչքներ գործել այդ շրջանի վրա: Այժմ Իրանի կողմից վիճելի համարվող ջրատարածությունում գործելու համար օտար ընկերություններին հրավիրելը կարող է պատճառ դառնալ Ադրբեջանի հետ նոր դիմակայության:
Հիշեցնենք, որ դեռևս 1970 թվականին ԽՍՀՄ նավթարդյունաբերության նախարարությունն ազգային սեկտորների հիման վրա իրականացրել էր Կասպիցի բաժանման պրակտիկան, ըստ որի՝ Ադրբեջանին բաժին էր հասել Կասպից ծովի տարածքից (371.000 կմ2) մոտ 70.000 կմ2, Թուրքմենստանին` 80.000 կմ2, Ռուսաստանին` 60.000 կմ2, Ղազախստանին` 105.000 կմ2 և Իրանին` 55.000 կմ2:
Այն ժամանակ Իրանը որևէ դժգոհություն չէր արտահայտել այդ կապակցությամբ (Կասպից ծովը հանդիսանում էր ԽՍՀՄ-ի ու Իրանի ներքին լիճը): Մինչդեռ ներկայումս Իրանը պահանջում է Կասպից ծովի տարածքի 20 տոկոսը (ավելի քան 74.000 կմ2)՝ ելնելով նրանից, որ գոյություն ունի մերձկասպյան 5 երկիր, ինչի համար էլ Կասպից ծովը պետք է բաժանվի 5 մասի:
Եթե Կասպիցը ստանա ծովի կարգավիճակ, ապա նրա վրա պետք է տարածվեն 1982 թվականի ծովային կոնվենցիայի դրույթները. կասպյան յուրաքանչյուր երկիր ինքնիշխան իրավունքներ ձեռք կբերի 12 մղոնանոց տարածքային ջրերի (մայրցամաքային շելֆ) և 200 մղոնանոց բացառապես տնտեսական գոտու (ԲՏԳ) վրա:
Քանի որ Կասպիցի առավելագույն լայնությունը չի գերազանցում 200 ծովային մղոնը, ԲՏԳ-ի արտաքին սահմանները պետք է որոշվեն միջին գծի սկզբունքի հիման վրա: Այսինքն՝ Կասպիցի բաժանումն անհրաժեշտ է իրականացնել հյուսիսից հարավ: Միջին գծի սկզբունքի հաստատման դեպքում Ռուսաստանին բաժին է ընկնում Կասպիցի տարածքի 18.7%-ը, Ղազախստանին` 29.6%-ը, Ադրբեջանին` 19.5%-ը, Թուրքմենստանին` 18.4%-ը, Իրանին` 13.8%-ը:
Ռուսաստանն իր հերթին դեմ է Կասպիցին ծովի կարգավիճակ տալուն, քանի որ այդ դեպքում Վոլգա-Դոն և Վոլգա-Բալթիկ ջրանցքները, որոնք համարվում են ներքին ռուսական ջրավազաններ, պետք է դառնան միջազգային ջրեր, իսկ դա լրջորեն հակասում է Ռուսաստանի շահերին ու անվտանգության խնդիրներին: