Տարոն Մարգարյանը` անցյալի ու ներկայի խաչմերուկում
Հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կենսագրության մեջ գրված է, որ նա «հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել 1965թ.-ից»: «1968թ.-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից ԱՄԿ խորհրդի անդամ: 1974-ին ձերբակալվել և դատապարտվել է երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով»:
Այն, որ Անդրանիկ Մարգարյանը պայքարել է խորհրդային վարչակարգի դեմ և եղել է Հայաստանի անկախության ջատագով ԱՄԿ կուսակցության անդամ, փաստում են նաև այդ տարիների նրա ընկերները: Խորհրդային վարչակարգն ասոցացվում էր առաջին հերթին` Կոմունիստական Կուսակցության հետ, որի գաղափարախոսությունն էր ընկած այդ վարչակարգի հիմքում: Պայքարը խորհրդային վարչակարգի դեմ` պայքար էր այդ վարչակարգը մարմնավորող կոմունիստական կուսակցության դեմ:
Իսկ ո՞վ էր այս թվականներին Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարը: 1966-1974թթ., այսինքն` այն տարիներին, երբ Անդրանիկ Մարգարյանը զբաղված է եղել խորհրդային վարչակարգի դեմ պայքարով, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը եղել է Անտոն Քոչինյանը:
Հենց նրա իշխանության օրոք է ձերբակալվել և դատապարտվել Անդրանիկ Մարգարյանը: ՀԿԿ հաջորդ ղեկավարը`Կարեն Դեմիրճյանը, նրան փոխարինել է 1974թ. նոյեմբերին:
Հնարավոր է, որ ինչ-որ մարդիկ պնդեն, որ հայ անկախականներին հետապնդել, կալանավորել ու դատապարտել են ոչ թե հայ կոմունիստները, այլ Խորհրդային Միության իշխանությունները, խորհրդային հատուկ ծառայություններն` ի դեմս ՊԱԿ-ի: Բայց այդ դեպքում, ովքե՞ր էին հայ անկախականների համար Խորհրդային Հայաստանի կոմունիստական իշխանությունները`կենտորնական իշխանությունների խամաճիկներն ու տեղերում նրանց հրահանգը կատարողները:
Ինչո՞ւ ենք այսքան մանրամասնորեն գրում այս ամենի մասին:
Պարզվում է, որ ի տարբերություն Անդրանիկ Մարգարյանի, նրա որդին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Անտոն Քոչինյանին համարում է ոչ թե խորհրդային վարչակարգի կարկառուն ներկայացուցիչ, ում դեմ պայքարել և ում օրոք դատապարտվել է իր հայրը, այլ «պետական, կուսակցական գործիչ», ում անունով Երևանի կենտրոնում պետք է փողոց անվանակոչել:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հեքիմյանը նամակ է գրել Երևանի քաղաքապետարան` հարցնելով, թե արդյոք ճի՞շտ է, որ Տերյան փողոցը կամ դրա մի հատված վերանվանվել է:
Հեքիմյանը 2014թ. հունվարի 8-ին Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության ղեկավար Գևորգ Բաղդասարյանից ստացել է պատասխան, որ Տերյան փողոցը կամ դրա որևէ հատված չի վերանվանվել:
Պատասխանում նշվում է, որ «Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2013թ. մարտի 26-ի հ.233-Ա որոշմամբ ստեղծված պետական, կուսակցական գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյակը նշելու հոբելյանական հանձնաժողովի առաջարկությունը`Երևանի ավագանին 2013թ. սեպտեմբերի 10-ին որոշում է ընդունել Անտոն Քոչինյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին, համաձայն որի` Երևանի Կենտրոն վարչական շրջանում Արամի փողոցից սկսվող Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող փողոցը մինչև Ամիրյան փողոցից սկսվող Զաքյան փողոց, անվանակոչվել է պետական, կուսակցական գործիչ Անտոն Քոչինյանի անվամբ»:
Այս փողոցը, ըստ էության, դեռ գոյություն էլ չունի, քանի որ այդ փողոցի ընդամենը մի մասն է դեռ պատրաստ` Ամիրյան փողոցի կողմից, իսկ Արամի փողոցի հատվածում այն փակ է, և դժվար է ենթադրել անգամ, թե երբ կավարտվի դրա կառուցապատումը: Բայց Երևանի ավագանին շտապել է այդ կիսակառույց փողոցն անվանակոչել Անտոն Քոչինյանի անունով, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրել է ավագանու որոշումը` դրանով հավաստելով իր համաձայնությունն ընդունված որոշման հետ:
Չբավարարվելով քաղաքապետարանի այս պատասխանով` Կարեն Հեքիմյանը հունվարի 14-ին նոր նամակ է գրել Գևորգ Բաղդասարյանին, խնդրելով պարզաբանել թե ո՞ր պետության և ո՞ր կուսակցության գործիչ է հանդիսացել Անտոն Քոչինյանը, և ո՞ր պետությունների և ո՞ր կուսակցությունների գործիչները քաղաքապետարանի չափանիշներով` կարող են համարվել արժանի, որպեսզի իրենց անուններով Երևանում անվանակոչվեն փողոցներ:
Չենք ցանկանում քննարկել հարցը` արդյո՞ք ՀԿԿ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանն այն մարդն է, ում անունով կարելի էր անկախ Երևանի մայրաքաղաք Երևանում փողոց անվանակոչել:
Ի վերջո, Երևանում կան կոմունիստական վարչակարգը ներկայացնող այլ գործիչների անուններով փողոցներ ևս: Խնդիրն ավելի պարզ է. Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայրը` երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պայքարել է այդ վարչակարգի դեմ, այդ վարչակարգի օրոք հետապնդվել է իր հայացքների և գործունեության համար, ձերբակալվել և ազատազրկվել: Հիմա նրա որդին հորն ազատազրկման դատապարտած գործչի անունով փողոց է անվանակոչում:
Ուշագրավ է, որ ավագանու որոշումն ընդունվել է 2013թ. սեպտեմբերի 10-ին, Սերժ Սարգսյանի` ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ անց: Շատերը հակված են համարել, որ ՄՄ-ն նոր Խորհրդային Միություն է և նախկինի շարունակությունը: Եթե դա այդպես է, ապա Անտոն Քոչինյանի անունով փողոցի գոյությունը ուղղակի անհրաժեշտություն է: