Երբ որևէ մեկը չի ասում՝ «Пошел ты…»

«Դուք, ինչպես ասում են, ինքներդ դա ցանկացաք: 1991թ. որևէ մեկը ձեզ չէր ստիպում անկախության ձգտել: Դուք եք ընտրել այս ճակատագիրը, դուք էլ կերեք»,- «Առաջին լրատվականի» հետ հարցազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր, Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, ՌԴ Հանրային պալատի ներկայացուցիչ Սերգեյ Մարկովն՝ անդրադառնալով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ներկայիս գնին, ՀՀ-ում սպառողին հասնող գնին և ընդհանրապես հայ-ռուսական գազային պայմանագրերի վերաբերյալ հայաստանյան հանրության բացասական տրամադրություններին:

Այս հայտարարությունն, իհարկե, մեղմ ասած, ցինիզմի ու լկտիության դրսևորում է, և դրան համարժեք պատասխանը կարելի էր տալ Ռուսաստանի քաղաքականության համար ամենահատկանշական ու ռուսական կենցաղում ամենաշատը կիրառվող «Пошел ты…» արտահայտությամբ: Բայց դրանից, ցավոք, ոչինչ չի փոխվի, ու Հայաստանի ոտնահարված արժանապատվությունն ու վաճառված ինքնիշխանությունը չեն վերականգնվի: Իսկ Մարկովն ուղիղ, ամենաուղիղ ձևով հայտարարում է, որ Հայաստանը վաճառել է իր ինքնիշխանությունն՝ էժան գազի դիմաց:

«Դուք էիք անկախություն ուզում, դուք էլ կերեք»,- ասում է ռուս քաղաքագետը, որի խոսքի հետագա տրամաբանությունն այն է, որ միայն Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հայաստանցիներին հնարավորություն տվեց ավելի էժան գազ ստանալ:

Այսինքն՝ Հայաստանին մատակարարվող գազը թանկանում էր, որովհետև մինչև սեպտեմբերի 3-ը դուք «անկախություն էիք խաղում», ՄՄ-ին անդամակցելու որոշում կայացրեցիք՝ ավելի էժան գազ կստանաք: Սա է Մարկովի ասածի իրական ու ուղիղ իմաստը: Կարելի էր սա համարել ռուսական կայսերապաշտական ուղղվածություն ունեցող հերթական քաղաքագետներից մեկի կարծիքը և ուշադրության չարժանացնել:

Սակայն Մարկովը ոչ թե «շարքային քաղաքագետ» է, այլ նախկին պատգամավոր, իսկ ներկայումս աշխատում է այնպիսի ինստիտուտներում, որոնք զբաղվում են Ռուսաստանի իշխանության կողմից իրականացվող քաղաքականության քարոզչական ֆոնն ապահովելով: Իրականում Մարկովի այս հայտարարությունն արտահայտում է այն մոտեցումը, որով Ռուսաստանի իշխանությունն ու քաղաքական էլիտան, որի համար Հայաստանի ինքնիշխան Հանրապետություն այլևս գոյություն չունի: Թվում է, թե սա առանց այդ էլ պարզ էր սեպտեմբերի 3-ից ու դեկտեմբերի 2-ից հետո, և ռուս քաղաքագետը կարող էր գոնե քաղաքական կոռեկտությունը պահպանելու համար նման կոպիտ ձևով չարտահայտվել:

Սակայն, ըստ ամենայնի, Ռուսաստանում նյարդայնանում են Հայաստանի հանրային-քաղաքական շրջանակներում շարունակվող այն անիմաստ քննարկումներով, թե արդյոք ՄՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կորցրե՞ց ինքնիշխանությունը, եթե կորցրեց, ապա ո՞ր հարցերում ու քանի՞ տոկոսով: Ռուսներն իրենց գուցե մի քիչ ավելի կոռեկտ պահեին, եթե Հայաստանում լինեին քաղաքական ուժեր, որոնք կընդդիմանային ՀՀ ինքնիշխանության առուծախի գործարքին, որոնք կպաշտպանեին Հայաստանի անկախությունը:

Սակայն Մոսկվայում հետևում են այս օրերին հանուն իշխանության Հայաստանում անցկացվող ռուսահպատակության շքերթին ու ցանկանում են փակված համարել Հայաստանի ինքնիշխանության թեման: Քանի որ դրա դիմաց վճարել են: Էժան գազով թե որևէ այլ կերպ՝ քիչ հետաքրքիր է:

Տեսանյութեր

Լրահոս