Բաժիններ՝

«Սթարի» մարող աստղը

«Սթար Դիվայդ» ընկերության հնրավորությունները՝ կրկին ոտքի կանգնելու, հետզհետե սպառվում են, ու խանութների ցանցը, կարծես, շուտով վերջնականապես կանցնի պատմության գիրկն, ու «Սթարի» աստղը կմարի: Անցած տարի «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության հայցով սնանկ ճանաչված «Սթար Դիվայդը» դիմել էր վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Վերաքննիչ դատարանը մերժել է «Սթար Դիվայդի» պահանջը և ուժի մեջ թողել առաջին ատյանի վճիռը: Կդիմի՞ արդյոք «Սթարը» վճռաբեկ դատարան, դեռ պարզ չէ, մեզ չհաջողվեց ընկերության ներկայացուցիչների հետ կապ հաստատել:

168.am-ը գրել էր, որ անցած տարի ընկերությանը սնանկ ճանաչելու նպատակով հայց էր ներկայացրել նաև Վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ): Կողմերի միջև 2009-ին կնքված վարկային պայմանագրի շրջանակներում բանկը վարկառուին տրամադրել էր 3.5 մլն ԱՄՆ դոլարի վարկ, իսկ 2013թ. ապրիլի 27-ին վաղաժամկետ կատարում պահանջելու ծանուցումով վարկառուից պահանջել էր վճարել վարկային պայմանագրի ներքո ողջ հիմնական գումարը` 3.5 մլն ԱՄՆ դոլար և տոկոսները` 63.806,75 ԱՄՆ դոլարը: Հաշվի առնելով, որ ավելի վաղ ընդունված վճռով «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով՝ «…եթե պարտապանի նկատմամբ սնանկության գործ կա դատարանում, ապա նոր դիմողի ներկայացրած սնանկության դիմումը քննվում է որպես առանձին վարույթ և ենթակա է կարճման, եթե նախորդ վարույթի գործով պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ է օրինական ուժի մեջ մտնում», ապա գործը կարճվել է:

Ամեն դեպքում «Սթարի» խնդիրը դեռ շարունակում է քննվել դատարանում: Ինչպես 168.am-ին հայտնեց «Սթարի» սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանը, պարտապանների ներկայացրած մի քանի պահանջների մասով ինքն առարկություններ է ներկայացրել, և դատարանում դրանց քննությունից հետո միայն պահանջների ցուցակը կհրապարակվի, և վերջնականապես կարելի կլինի նշել «Սթարի» պարտքի մեծությունը: Այս մասով դատական հաջորդ նիստը փետրվարի 7-ին է:

«Այժմ մենք փորձում ենք նաև որոշակի գույք հայտնաբերել, որպեսզի պարտքը փոխհատուցվի: Սակայն դա բարդ խնդիր է»,- ասաց Ա.Սարգսյանը՝ նշելով, որ Անշարժ գույքի պետական կադաստրից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Սթար Դիվայդ» ընկերությունը ոչ մի անշարժ գույք չունի, նախկինում գործող բոլոր խանութների տարածքները վարձակալված են եղել: Ըստ նրա՝ սուպերմարկետների ցանցի բոլոր խանութները դադարել են գործել սնանկության մասին վճռի կայացումից հետո:

Կարդացեք նաև

Փաստորեն, ամենայն հավանականությամբ, «Սթար Դիվայդի» պարտատերերը (շուրջ 130 կազմակերպություն) կհայտնվեն կոտրած տաշտակի առջև, և ընկերության պարտքը չի մարվի՝ նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սթար» առևտրային ցանցը եղել է Գևորգ Աֆանդյանին պատկանող «Էյ Ջի Հոլդինգի» կազմում, որը ղեկավարում է մի շարք ընկերություններ, ինչպիսիք են «Արզնի» հանքային ջրերի գործարանը, «Էյ Ջի Պրինտը», «Էյ Ջի Ֆոտոն», «Էյ Ջի Էլեկտրոնիքսը», և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս