Այս Կառավարությունն ու իր ղեկավարը չունեն ռեֆորմներ անելու մտավոր ունակություն. Հրանտ Բագրատյան
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի ռեֆորմներից ամենաաղմկահարույցին՝ «կուտակայինի, ասում է, որ նման մեծ ժամանակահատվածի մեջ այսպիսի անչափելի ռեֆորմներ չեն արվում: «Դա նույնն է, որ ոնց որ մեկն ասի՝ ես Ձեզ սիրում եմ, բայց Ձեզ հետ կարող եմ ամուսնանալ 95 տարի հետո»,- ասում է նա:
– Պարո՛ն Բագրատյան, նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ի իր ելույթում հայտարարեց, որ այն Կառավարությունը, որը չի ապահովում 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Տարվա ավարտին մնացել է մի քանի օր, նման աճ ապահովված չէ: Ձեր կարծիքով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը պե՞տք է հրաժարական տա:
– Դա իմ կարծիքը չէ, իրենք էին ասում, ինչ վերաբերում է կտա՞, թե՞ ոչ, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Ես գիտեմ միայն, որ 6 տարի է՝ այս Կառավարությունը աշխատում է։ Եթե նկատի ունենանք, որ այս տարվա այս տարվա ՀՆԱ-ի աճը կլինի 2-4% (11 ամսվա համար 3% է), ապա 6 տարում hանրապետության տնտեսությունն աճել է ընդամենը 7.8%-ով: Այսինքն՝ տարեկան պետք է 7% աճեր, մինչդեռ վեց տարում է 7%-ով աճել (տարեկան սոսկ 1.3%): Աճի տեմպերը ոչ միայն ցածր են զարգացող երկրների համար, այլ ցածր են համաշխարհային աճի տեմպերից: Երկիրը հիմնական տնտեսական ցուցանիշներով 193 երկրների մեջ 2007թ 85-90-րդ տեղից իջել է 110-115-րդ տեղերը…
– Գազային համաձայնագրերի մասին ի՞նչ կասեք:
– Դրանց վրա լավ չէինք աշխատել, արդյունքում շատ բաներ կան, որոնք հաշվի չէինք առել: Առաջիկայում պետք է դրա վրա աշխատել ռուսական կողմի հետ, նոր համաձայնագիր կնքել, որպեսզի Հայաստանի շահերը վերջին հաշվով, հաշվի առնվեն: Ռուսներն այստեղ մեղք չունեն, նրանք իրենց շահերով են առաջնորդվում: Մեզ համար ակնհայտ դարձավ, որ Կառավարությունը, վարչապետը և էներգետիկայի նախարարը պարզապես մեր ժողովրդի հաշվին փորձում են հաճելի բաներ մատուցել ռուսական էներգետիկ բիզնեսի ներկայացուցիչներին՝ իրենց հետույքի համար: Ես վստահ եմ, որ եթե Հայաստանի շահը բացատրվեր, այն երբեք չէր կարող հակասել ՌԴ շահին և որ այդտեղ կային ավելի արդյունավետ լուծումներ:
– Իսկ գազի կալորիականության մասին խաբո՞ւմ է կառավարությունը:
– Տվյալներ չունեմ, մի բան գիտեմ, որ (ծիծաղում է – խմբ.) ամբողջ ժողովուրդը խոսում է, որ սուրճն ինչ-որ շատ ուշ է եփում:
– Օֆշորի մասին. կան տեղեկություններ, որ Ամանորից հետո լինելու է հաջորդ սկանդալը, մասնավորապես, Կիպրոս գործուղված խմբի բացահայտումներով: Կարծո՞ւ մ եք, որ եթե վարչապետը հրաժարական կտա՞:
– Օֆշորի մասին մի հստակ բան ասեմ. Կիևում մտել եմ, այնտեղ գրասենյակներ կան, որոնք օֆշորներ են բացում և խնդրել եմ, որ Կիպրոսում ինձ համար օֆշոր բացեն: Ինձ հստակ բացատրել են, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ բացելը արժե մոտ 150 դոլար և ինձ ասել են, որ՝ «Դուք պարտավոր եք մեկ անգամ գնալ Կիպրոս»: Անհնարին է չգնալ: Ավելին, երբ բացում եք օֆշորը, մեկ–երկու հոգու Կիպրոսում պետք է աշխատանքի վերցնեք: Եվ նրանց աշխատանքի վերցնելու անվան տակ պետք է հիմնադիրները ստորագրեն: Ես Կիևում սա իմացել եմ իրավաբանական գրասենյակից: Կիևում՝ Կրեշչատիկում, ամեն մի քայլափոխի կա՝ «կբացե՛նք օֆշոր Կիպրոսում» (офшор на Кіпрі в чехії): Հանգիստ կարող եք մտնել և հարցնել:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: