Շահագործման է հանձնվել Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միացնող նոր ճանապարհը
Ամբողջությամբ ավարտվել է 2012 թվականի մայիսին սկսված Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող 2.6 կմ ընդհանուր երկարությամբ նոր ավտոճանապարհի շինարարությունը։
Ճանապարհի երթևեկելի մասի լայնությունը 9մ է, երկու կողմերից հետիոտնային մայթերի լայնությունը՝ 1.5մ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի այս հատվածում, Ալմաստ գործարանին հարող նախկին երկաթգծի կամրջի վերակառուցմամբ, ըստ էության, ստեղծվել է տրանսպորտային նոր հանգույց։ Կամրջի երկարությունը 66մ է, երթևեկելի մասի լայնությունը՝ 7.5մ: Կամրջի երկու կողմերում մեկական մետր լայնությամբ մայթեր են: Կառուցվել են նաև նոր ճանապարհը Ռուբինյանց փողոցին կապող, 290 գծմ ընդհանուր երկարությամբ մոտեցման երկու ուղիներ։
Կառուցվել են 230 գծմ ընդհանուր երկարությամբ երկաթբետոնյա միաձույլ հենապատեր, մոնտաժվել են անվտանգության նոր բազրիքներ։ Բնակչության մոտեցման և անցումների համար կառուցվել են նոր աստիճանավանդակներ։
Ճանապարհի ամբողջ երկայնքով կառուցվել է 2210 գծմ կենցաղային կոյուղատար նոր համակարգ, ինչպես նաև 2040 գծմ երկարությամբ հեղեղատար նոր կոյուղագիծ, վերատեղադրվել է 680մ երկարությամբ գազատարը։ Ճանապարհային նոր հանգույցն ապահովված է արտաքին լուսավորության նոր ցանցով. տեղադրվել է 172 լուսատուներով 86 հենասյուն։
Ճանապարհը նշագծվել է, տեղադրվել են ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ։
Շինարարության ավարտին ամբողջությամբ մաքրվել և բարեկարգվել են ճանապարհի հարակից տարածքները։
Նորակառույց ճանապարհային հանգույցի շնորհիվ զգալիորեն կբեռնաթափվի Դավիթ Անհաղթի, Պ. Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկի, ինչպես նաև Ռուբինյանց և Ուլնեցի փողոցների երթևեկությունը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն