Բաժիններ՝

Լորենս Ռայթ. «Պետք է չվախենալ ձախողումից»

Այսօր` նոյեմբերի 29-ին, Երևանում առաջին անգամ ArmNet նախագծի շրջանակներում անցկացվեց Ստարտափ օր ( StartUp Day), որի շրջանակներում «Սկոլկովո» Ստարտափ ակադեմիայի փորձագետները վարեցին սեմինարներ՝ աշխատանքի արդյունավետ կազմակերպման, բիզնես մոդելավորման և ներդրումների ներգրավման թեմաներով: Ստարտափ օրվա ընթացքում ելույթով հանդես եկավ նաև մոսկովյան «Սկոլկովո» Ստարտափ ակադեմիայի տնօրեն Լորենս Ռայթը:

Նրա խոսքով` իրականում շատ մարդիկ են երազում այն մասին, թե ինչ են ցանկանում ունենալ, սակայն ոչ բոլորն են նրանցից փորձում դա անել: Նա 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ամենակարևորը և իր թիվ մեկ խորհուրդն է չվախենալ ձախողումից.

«Անհրաժեշտ է փորձել և ուղղակի անել դա, և փորձելուց բացի, կարևոր է չվախենալ ձախողումից: Այո, իրականում Դուք պետք է հասկանաք, որ կարող եք նաև ձախողվել, և դա նորմալ է: Ձախողվելը վատ չէ: Միգուցե տարօրինակ հնչի, հայկական կամ ռուսական իրականություններում (մշակույթում) մարդիկ չեն ցանկանում ձախողվել, դա նրանց համար սարսափելի և ահավոր տhաճ բան է ու նաև վախեցնող երևույթ է:

Սակայն մենք պետք է փոխենք այդ մտածելակերպը, պետք է հաղթահարենք այդ ամենը և, ի վերջո, հասկանանք, որ որքան շատ եք դուք ձախողվում, այնքան ավելի են բարձրանում ձեր հաջողության հասնելու հնարավորությունները»,- ասաց Լ. Ռայթը` նշելով, որ երբ ավելանում է ձախողումների քանակը, դա նշանակում է, որ ավելի է մեծանում հավանականությունը, որ դուք հաջողության եք հասնելու մոտ ապագայում, եթե, իհարկե, դուք այդ ամենից դասեր քաղեք:

Կարդացեք նաև

«Այս դեպքում ձախողումը բոլորովին էլ ձախողում չէ, այդ ձախողումը պարզապես մեկ քար է ավելացնում դեպի ձեր հաջողությունը»,- ասաց Լ.Ռայթը` նշելով, որ մինչև չփորձեք, հաջողության հասնել չեք կարող, ուրեմն դուք պետք է փորձեք:

Նրա խոսքով` «Սկոլկովոն» նաև հայկական նախագիծ է` հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի շնորհիվ, ով մեծապես աջակցել է «Սկոլկովոյի» կառավարման դպրոցի ստեղծմանը:

«Այսինքն` հենց հայերի մեծ աջակցության շնորհիվ է կառուցվել մեր դպրոցը, և մենք սիրում ենք աշխատել հայերի հետ: Եվ այս դպրոցում նույնպես ցանկանում ենք ավելի մեծ ծրագրեր իրականացնել Հայաստանի հետ: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր ծրագրերը Հայաստանի հետ: Հայաստանը մի վայր է, որտեղ կարող ես շատ բաներ անել, քանի որ այն փոքր երկիր է, իսկ ազդեցությունը դրա վրա կարող է բավականին մեծ լինել: Այսինքն` կարելի է այդ անբարենպաստ պայմանները վերածել բարենպաստ պայմանների, իսկ մինուսները դարձնել պլյուսներ»,- ասաց Լ. Ռայթը:

Լորենս Ռայթի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի վաղվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս