ՌԴ-ում կանխվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մասերի ապօրինի փոխադրումը Թուրքիա

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին պահին կանխվել է Ռուսաստանից Սարատովի մարզից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մասերի ուղարկումը Թուրքիա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սարատովի մաքսային ծառայության պետ Սերգեյ Օվսյանիկովը:

Վերջինս լրագրողներին ցուցադրել է դեպքի վայրից կատարված մի տեսագրություն, որում պատկերված է եղել 15 տոննանոց մետաղական կառույց, որը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում շահագործվող միջամայրցամաքային բալիստիկ հրթիռի մաս:

Մաքսանենգները պլանավորել էին այդ բեռը՝ որպես մետաղաջարդոն, բեռնել Վոլգա գետում գտնվող նավի վրա՝ այն Թուրքիա ուղարկելու համար: Սակայն ռազմական փորձագետները պարզել են, որ դա մետաղաջարդոն չէ: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ-ի 226.1 հոդվածի առաջին մասով:

Հիշեցնենք, որ նախորդ տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Թուրքիան ձեռնամուխ է եղել մինչև 2500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռի ստեղծման աշխատանքներին: Հրթիռը պետք է պատրաստ լինի 2014 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս