«Բլումբերգի» ստեղծած տարածաշրջանային լարվածությունը
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին պատկանող «Բլումբերգ» կայքը հանրաճանաչ է իր վերլուծական, մեկնաբանական, կանխատեսական հրապարակումներով, որոնք հատկապես վերաբերում են համաշխարհային մակարդակի վրա արձանագրվող տնտեսական իրադարձություններին։ Կայքը, ուրեմն համացանցային աշխարհի կարեւոր եւ նկատառելի վերլուծականներից է համարվում եւ այդ իմաստով էլ վայելում է որոշակի հեղինակություն։
Նման աշխարհահռչակ կենտրոնների վաստակած համբաւը երբեմն խնդրո առարկա է դառնում, երբ դրանց կողմից ներկայացված հարցի մասին հետեւողի իրազեկվածությունը պատճառ է դառնում, որ հիմնովին խախտի միեւնույն այդ կենտրոնի թողարկած լրատվամեկնաբանությունների հաւաստիությունը։
Այսպես.
«Լեռնային Ղարաբաղում սիրիահայերի վերաբնակեցումն ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում». խորագրի տակ «Բլումբերգի» աշխատակիցը գրում է. «Հայաստան է ժամանել քաղաքացիական պատերազմից փրկվող մոտ 10 հազար սիրիահայ, որոնք վերաբնակեցվում են Լեռնային Ղարաբաղում»:
Հոդվածի հետագա բաժինը կորցնում է արդեն իր դիտարժանությունը։ Եթե նման հաստատումով փորձ է կատարվում տպավորություն թողնել, որ Սիրիայից Հայաստան ապաստանած հայերին զանգվածային տեղափոխում են Արցախ, սա արդեն երրորդ ենթադրությամբ չի մեկնաբանվում։ Կա՜մ այն է, որ անիրազեկվածության խնդիր է, ինչը չի սազում «Բլումբերգի» վայելած վարկին, կա՜մ էլ միտումնավոր ապատեղեկատվություն է կատարվում։ Երկրորդ վարկածը ավելի համոզիչ է դառնում, երբ նայում ենք խորագրին։
Լարվածություն ստեղծելու փորձը կատարում է Ադրբեջանը։ Այդ մթնոլորտի ստեղծման համար օգտագործվում է ոչ միայն ռազմատենչ հռետորաբանությունը, այլ նաեւ դիպուկահարների անվերջ հրադադարային խախտումները, հավելելով նաեւ դիվերսիոն գործողությունները։ Լարվածության մթնոլորտի ստեղծման համար Բաքուն քանի երրորդ անգամ բողոքում է սիրիահայ ընտանիքների Արցախ հաստատման երեվույթի դեմ։ Բաքուն բողոքել էր նաեւ այն ժամանակ, երբ իրաքահայ սակաւաթիվ ընտանիքներ ապաստան էին գտել Արցախում։
Պարզ է, որ մի քանի տասնյակ սփյուռքահայ ընտանիքների Արցախում հաստատվելը չի փոխելու Արցախի ժողովրդագրական պատկերը։ Խնդիրը շահարկումն է, աղմուկ բարձրացնելը եւ լարվածության իմիտացիոն քարոզչական գործողությամբ իրականության վրա ծխածածկույթի առաջացումը։
Բաքվին չէր հաջողվել ծխածածկույթի այս քաղաքականությունը։ Բաքվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող գրասենյակի պաշտոնատարը իրենց հղված դիմումին առ ի արձագանք հայտնել էր, որ իր տեսակետով ՄԱԿ-ը այստեղ միջամտելու որեվէ հիմնավորում չուներ։
Հոդվածում մեջբերվել է նաեւ նախագահ Սահակյանի մոտեցումը այս հարցի մասին։
«Մենք չենք կարող անտեսել նրանց (սիրիահայերին): Չնայած այն հանգամանքին, որ մենք նույնպես տնտեսական դժվարություններ ենք ապրում, սակայն փորձում ենք մեղմացնել իրենց խնդիրները և որոշ հնարավորություններ տրամադրել. սիրիահայերի վերաբնակեցման ծրագիր դեռևս չի մշակվել»:
Նախագահ Սահակյանի մոտեցումը համահունչ է միջազգային ընտանիքի ճշտած օրինաչափություններին ճգնաժամային պայմաններում հայտնված երկրների քաղաքացիներին նկատմամբ ապաստան տրամադրելու պրակտիկային։ «Սիրիահայերի վերաբնակեցման ծրագիր դեռևս չի մշակվելը» նշանակում է, որ նման ծրագրի մշակումը չի բացառվում պաշտոնական Ստեփանակերտի կողմից եւ թե դա եւս պետք է ընկալել բնական երեւույթ ապաստան, կացարաններ եւ կենցաղային դյուրություններ տրամադրելու առումով։
Թվում է, թէ «Բլումբերգի» նման այլ կենտրոններ եվս, կամա թե ակամա, պիտի ներքաշվեն նման քարոզչական գործողությունների մեջ։ Հայկական կողմից ակնկալվում է հակազդեցություն` բացահայտելու տարածաշրջանային լարվածության հեղինակի շահարկումներն ու շարժառիթները։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր