Բաժիններ՝

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ: 5491 ընտրատարածքում քվեարկությանը կարող են մասնակցել մոտ 5.145.000 ընտրող, այդ թվում նաև արտասահմանում 38 դիվանագիտական առաքելություններում ու 218 հատուկ հիմնարկում:

Նախագահի թեկնածուները 10-ն են՝ Իգբալ Աղազադե, Իլհամ Ալիև, Արազ Ալիզադե, Հաֆիզ Գաջիև, Գուդրաթ Հասանգուլիև, Ջամիլ Հասանլի, Իլյաս Իսմայլով, Ֆարաջ Գուլիև, Սարդար Մամեդով և Զահիդ Օրուջ:

ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրությունների ընթացքին հետևելու է մոտ 40.000 տեղի դիտորդ, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի առաքելության 300 անդամ: Քվեարկությունը մեկնարկելու է ժամը 08.00-ին և ավարտվելու է ժամը 19.00-ին:

Այդ ընթացքում 5 անգամ (10.00, 12.00, 15.00, 17.00, 19.00) տեղեկատվություն կտրվի քվեարկության ընթացքի մասին: Քվեարկության ամփոփիչ արդյունքները կհրապարակվեն ԿԸՀ-ի կայքում: Հաղթող կճանաչվի ընտրություններին մասնակցածների քվեների 50 տոկոսը + 1 քվե ստացած թեկնածուն:

Մինչև հոկտեմբերի 19-ը ԿԸՀ-ը պետք է ամփոփիչ արձանագրություններն ուղարկի Սահմանադրական դատարանին, որն էլ 14 օրվա ընթացքում պետք է հայտարարի ընտրությունների արդյունքների մասին: Դրանից հետո նորընտիր նախագահը պետք է երեք օրվա ընթացքում երդում տա և ձեռնամուխ լինի իր պարտականությունների կատարմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս