Թուրքիայի խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել Իրաքի դեմ անդրսահմանային գործողություններ վարելու իրավունք տվող օրինագիծը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել Իրաքի վերաբերյալ օրինագիծը: Վերջինս կառավարությանը հնարավորություն է ընձեռում անդրսահմանային գործողություններ վարել Իրաքի դեմ՝ կապված այդ երկրի հյուսիսից իրականացվող (PKK-ի) հարձակումների հետ:
Թուրքիայի խորհրդարանը նախորդ տարվա հոկտեմբերի 17-ին մեկ տարով երկարաձգել էր նույնատիպ օրինագիծը: Այս անգամ կառավարությունը նույնպես առաջարկել է մեկ տարով երկարաձգել Իրաքի դեմ անդրսահմանային գործողություններ իրականացնելու իրավունք տվող օրինագծի ժամկետը:
Խորհրդարանն այդ օրինագիծը կդիտարկի հոկտեմբերի 10-ին: Թուրքիայի խորհրդարանը նախկինում բազմիցս հաստատել է նմանատիպ օրինագծեր: