Բաժիններ՝

Եվրոպարտատոմսերի տեղաբաշխման իրական «օգուտները»

Policy Forum Armenia կենտրոնն իր նկատառումներն է ներկայացրել Հայաստանի կողմից վերջերս թողարկված եվրոպարտատոմսերի կապակցությամբ։

* * *

Սեպտեմբերի 19-ին Հայաստանը թողարկեց իր առաջին սուվերեն դոլարային պարտատոմսերը և միացավ Բոլիվիային, Նամիբիային, Նիգերիային, Ռուանդային, Մոնղոլիային և մի շարք այլ երկրների, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ մտել են միջազգային շուկա։

Հայաստանի պարտատոմսերի ծավալը 700 միլիոն դոլար է՝ 7 տարի մարման ժամկետով և 6% տարեկան տոկոսադրույքով։ Դրանք վաճառվեցին առաջարկվածից ավելի ցածր գնով՝ ներդրողների համար ապահովելով տարեկան 6.25% եկամուտ։ Ըստ լուրերի՝ թողարկմանը տվել են «Քարդաշյան» անունը՝ ամերիկյան հայտնի հեռուստատեսային դեմքերի անունով։

Հայաստանի պարտատոմսերի վարկանիշն անցանկալի է համարվում թե՛ Moody’s (Ba2), և թե՛ Fitch (BB-) վարկանշային գործակալությունների կողմից։  Նշենք նաև, որ Deutsche Bank, HSBC և J.P. Morgan Chase բանկերը, որոնց միջոցով իրականացվել է տեղաբաշխումը, այս գործարքի համար ստացել են մոտ 5 միլիոն դոլար։

Կարդացեք նաև

Ի՞նչ կա կառավարության այս քայլի ետևում, և ո՞րը կարող է լինել դրա գնահատման ամենահարմար չափանիշը։

Նման դեպքերում արդյունավետության գնահատման, թերևս, ամենակարևոր չափանիշը պարտատոմսերից ստացված հասույթի օգտագործումն է։ Ինչպես մենք նշել ենք «Հայաստան. Կանխելով տնտեսական աղետը» զեկույցում, մինչև 2014 թվականի վերջը Հայաստանը պետք է օտարերկրյա պարտատերերին վճարի շուրջ 1 միլիարդ դոլար, որի մեծ մասը բաժին է ընկնում Արժույթի միջազգային հիմնադրամին։ Սակայն ԱՄՀ-ն հայտարարել է, որ Հայաստանը նոր վարկ կստանա, որը կառավարությանը կազատի պարտավորությունն ամբողջությամբ մարելու բեռից։

Պարտքի երկրորդ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Պարզ չէ, թե Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրությունը որևէ առնչություն ունի՞ այդ պարտքի սպասարկման հետ։ Սակայն առավել հավանական է, որ  ռուսաստանյան կողմը նույնպես Հայաստանին հնարավորություն կտա պարտքի մասով մանևրել՝ հենց վերը նշված մտադրության արդյունքում։

Կարելի է ասել, որ Հայաստանը կկարողանա պարտատոմսերի տեղաբաշխումից ստացած 700 միլիոն դոլարը ծախսել այնպես, ինչպես ցանկանում է։ Սակայն կառավարության կողմից այդ փողը հիմա ծախսելը վատ գաղափար է։ Նման պնդման համար կան մի քանի պատճառներ.

– Առաջին. ինչպես 2009 թվականին, Հայաստանի կառավարությունը զարգացման որևէ հստակ ծրագիր չունի և, ամենայն հավանականությամբ, այդ գումարն ուղղելու է ընթացիկ ծախսերին, ինչպիսիք են՝ թոշակների և աշխատավարձերի բարձրացումը, և ռուսական գազի գնի սուբսիդավորմանը։ Այս ծախսերն, անշուշտ, կթուլացնեն սոցիալական լարվածությունը և Սարգսյանի վարչակազմին թույլ կտան մի որոշ ժամանակով էլ հետաձգել անխուսափելին։ Սակայն դրանք չեն նպաստի աշխատատեղերի և ներդրումների ավելացմանը։ Այդ իսկ պատճառով դրանք կարելի է համարել անօգուտ ծախսեր։

Երկրորդ. հաշվի առնելով Հայաստանի բյուջետային համակարգի բացերը (Տես PFA-ի գնահատականները Սփյուռքի մասին զեկույցի 34րդ էջում)՝ սա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին հնարավորություն կտա է՛լ ավելի հարստանալ։ Հենց որ 700 միլիոն դոլարը դեպոզիտ արվի Կենտրոնական բանկում, և այդ գումարին համարժեք դրամային հաշիվ բացվի կառավարության համար, այդ գումարն անմիջապես կհայտնվի կոռուպցիոն սխեմաների կիզակետում։ Գումարի մոտ 20-30%-ը կգողացվի՝ արարողակարգային մեքենայությունների և ՀՀ իշխանությունների կողմից օգտագործվող այլ սողանցքների միջոցով։

– Երրորդ. այս գործարքը 8 տոկոսային կետով կավելացնի Հայաստանի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։ Ու քանի որ այս պարտքի տոկոսադրույքը շատ ավելի բարձր է, քան ՀՀ ներկայիս պարտավորություններինը, ապա պարտատոմսերի թողարկումը կմեծացնի երկրի պարտքային բեռի անհամամասնությունը և Հայաստանը մեկ քայլով էլ կմոտեցնի պարտքային ճգնաժամին։ Հայաստանը ստիպված կլինի վճարել տարեկան 42 միլիոն դոլար այս պարտատոմսերի սպասարկման գծով։ Չհաշված այն ամբողջ 700 միլիոնը, որը պետք է ամբողջությամբ վերադարձնել 2020 թվականին։ Նաև այս պատճառով էր, որ պարտատոմսերի թողարկման մասին հայտարարությունից հետո Moody’s-ի ներդրողների գործակալությունը (Moody’s Investors Service) իջեցրեց արտարժութային պարտատոմսերի առաստաղը Հայաստանի համար։

Չորրորդ. Այսպիսի սուվերեն պարտատոմսերը պրակտիկայում երբեք չեն մարվում։ Առաջին անգամ տեղաբաշխվելուց (և փողը ծախսելուց) հետո նրանք վերաթողարկվում են՝ աստիճանաբար մեծացնելով երկրի արտաքին պարտքը։ Բացի այդ, 7 տարի անց, երբ գա այդ պարտատոմսերը մարելու ժամանակը, շատ հավանական է, որ գլոբալ տնտեսությունը ոչ միայն դժվարություններից դուրս եկած լինի, այլև հասած լինի իր պիկին։ Դա նշանակում է, որ տոկոսադրույքները շատ ավելի բարձր կլինեն, քան այժմ, և պարտատոմսերի նոր խմբաքանակ թողարկելու դեպքում Հայաստանը պետք է սահմանի 6.25%-ից շատ ավելի բարձր եկամտաբերություն։ Սպասվում է, որ միջազգային տոկոսադրույքները կսկսեն բարձրանալ 2014 թվականի սկզբից։ Իսկ դա նշանակում է, որ հայկական պարտատոմսերը կարժեզրկվեն, քանի որ, երբ տոկոսադրույքները բարձրանում են, ֆիքսված տոկոսադրույքով արժեկտրոնային պարտատոմսերը սկսում են շրջանառվել իրենց նախնական գնից ավելի ցածր գնով։

– Թեպետ տեղաբաշխման համար ժամանակը հարմար է ընտրված (հաշվի առնելով, որ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգը հայտարարեց իր դրամավարկային քաղաքականությունն անփոփոխ թողնելու մասին), այս գործարքը չի ունենա այն դրական էֆեկտը, որն ունենում են առաջին նման տեղաբաշխումները։ Պատճառներից մեկն այն է, որ միջազգային պարտատոմսերը հանդես են գալիս՝ որպես չափանիշ կամ նշաձող կապիտալի տեղական շուկայի համար, որի հիման վրա տեղական  ընկերությունները կարող են արժեթղթեր թողարկել տեղական կամ միջազգային շուկաներում։ Սակայն Հայաստանի տնտեսությունն այնպիսի անառողջ վիճակում է, որ թունելի վերջում լույս չի երևում, և որպես միջազգային տեղաբաշխման արդյունք՝ հնարավոր է՝ տեղական շուկայում ընդհանրապես տեղաբաշխումներ չլինեն։ Այսինքն՝ այն, ինչը կարող էր լավ ժամանակներում մեծ օգուտ տալ մասնավոր հատվածին, այսօր անտեսվելու է, իսկ պոտենցիալ օգուտները  կորսվելու են։

Թարգմանությունը՝ 168.am-ի 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս