Հրանտ Դինքը մեր Մարտին Լյութեր Քինգն է, նոր Թուրքիայի խորհրդանիշն ու ցեմենտողը. Թաներ Աքչամ
Թուրքական Taraf թերթում հրապարակվել է թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամի «Մեր Մարտին Լյութեր Քինգը» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Մարտին Լյութեր Քինգն ամերիկյան քաղաքացիական իրավունքների պայքարի լեգենդար առաջնորդ է (ԱՄՆ-ի սևամորթ բնակչության քաղաքացիական իրավունքների պայքարի առաջամարտիկ, 1964 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր):
Նա սպանվել է 1968 թվականի ապրիլի 4-ին: Ծնվել է հունվարի 15-ին (1929 թվական): 1990 թվականից ի վեր՝ ԱՄՆ-ում ամեն տարվա հունվարի երրորդ երկուշաբթին համարվում է Մարտին Լյութեր Քինգի օր, ինչը կարևորվում է ռասիզմի, խտրականության ու անիրավահավասարության դեմ պայքարի շրջանակներում: Այդ օրը խորհրդանշում է նաև ամերիկյան ազգի միասնությունն ու համախմբվածությունը:
Հրանտ Դինքն էլ մեր Մարտին Լյութեր Քինգն է: Նա ծնվել է սեպտեմբերի 15-ին (1954 թվական): Մեզ մոտ էլ պետք է Հրանտ Դինքի օր հայտարարել սեպտեմբերի երկրորդ կամ երրորդ երկուշաբթին, ինչը կբնութագրվի որպես խտրականության, ատելություն բորբոքելու դեմ, հիմնական քաղաքացիական իրավունքների համար պայքարի և ազգային միասնության ու համախմբվածության օր:
Դպրոցները պետք է բացվեն այդ օրը և կրթական առաջին օրը պետք է լինի այս թեմայով: Շատ ուտոպիստկան բան չեմ առաջարկում: Մենք ջանքեր ենք գործադրում ավտորիտար ռեժիմից ավելի ժողովրդավարական հասարակությանն անցում կատարելու ուղղությամբ: Տասնամյակներ տևած թուրք-քրդական պատերազմը հասցնում ենք իր ավարտին:
Հրանտն այս նոր ազգի միասնության խորհրդանիշն է, նոր ազգի ցեմենտողը: Հրանտը չի մոռացվել: Մահվանից հետո, նրա մահվան տարելիցին կազմակերպված միջոցառմանն ամեն անգամ ավելի շատ մարդ է մասնակցում, քան՝ նախորդ դեպքում, ամեն դատական նիստին զուգահեռ աճում է նրա պաշտպանների քանակը:
Սա Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է: Եթե հետադարձ հայացք նետենք, ապա կտեսնենք, որ ավելի վաղ մի հայի սպանվելուց հետո այս հողերում չեն գրանցվել նման դեպքեր:
Հրանտի սպանությունը Հանրապետության պատմության մեջ ամենակազմակերպված սպանությունն է, որին անմասն չի մնացել որևէ պետական հիմնարկ: Մի կողմում հայկական ծագում ունեցող և այս հողերի զավակ, դրանից դուրս որևէ բան չարած միայն Հրանտն է, իսկ մյուս կողմից՝ պետությունը՝ գաղտնի ծառայությունները, գլխավոր շտաբը, անվտանգության կազմակերպությունը:
Նրանց միջև առկա տարբերության անդունդը սարսափելի է: Ես ասում եմ, որ Հրանտը նոր Թուրքիայի ցեմենտողն է, խորհրդանիշը: Մեկ տարին ունի 365 օր, 364 օրը թող ձեզ մնա, մեկ օրը տվե՛ք Հրանտին»: