Ամաչում եմ սեպտեմբերի 3-ին տեղի ունեցածի համար
Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ
– Պարոն Սարգսյան, նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինին շնորհավորելու փաստը ոմանք որակեցին որպես Հայաստանի «նահանգացման» գործընթացի ուղղությամբ արված հերթական քայլ: Ինչո՞ւ է իշխանությունը հեղինակազրկում Հայաստանը և արդյոք դա արվում է կամավոր:
– Հայաստանի նահանգացման գործընթացը իշխանության որոշ շրջանակներ բացատրում են մի քանի հանգամանքներով. նախ որ իրենց վրա ճնշում է գործադրվում, և երկրորդ, որ դա կապված է Հայաստանի անվտանգության խնդիրների հետ: Այս երկու բացատրություններն էլ հավասարապես վիրավորական են և անընդունելի: Եթե Հայաստանի ռազմավարական գործընկերը, ում տնօրինությանն ենք հանձնել Հայաստանի տնտեսության ամենակարևոր ձեռնարկությունները և ենթակառուցվածքները, ում հետ 49 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրվել նրա ռազմաբազաները մեր երկրում տեղակայելու մասին, ում հետ գտնվում ենք միևնույն անվտանգության համակարգում, մեզ հետ խոսում է ճնշումների լեզվով, ուրեմն այդ երկիրը մեր բարեկամը չէ:
Բայց դրա համար պետք չէ ասել, որ մեղավորը Ռուսաստանի իշխանությունն է, որ ճնշում է Հայաստանին, և մենք տեղի ենք տալիս այդ ճնշմանը: Ադպես համարելու դեպքում մենք պետք է մտածենք, որ Հայաստանը Ռուսաստանի ճնշումներից զերծ պահելու համար պետք է գնանք ու իշխանափոխություն անենք Ռուսաստանում: Իրականում Հայաստանի իշխանությունը ինքն է երկիրը կախման մեջ գցում Ռուսաստանից, համարելով, որ այդպես ավելի հեշտ է սեփական իշխանությունը պահել: Ես երբեք ինձ պատասխանատու չեմ համարել իշխանության կայացրած որոշումների համար, մտածելով, որ պետք է հաշվետու լինեմ միայն իմ արածների համար. բայց սեպտեմբերի 3-ին տեղի ունեցածի պարագայում ես իսկապես ամաչում եմ կատարվածի համար:
Հիմա կարելի է չկասկածել, որ Հայաստանի նախագահը կարող է շնորհավորել Ռոստովի, Մինվոդիի, Պյատիգորսկի կամ մյուս ռուսական քաղաքների քաղաքապետներին: Մոսկվան այդ առումով ավելի բարձր կարգավիճակ ունի. այնտեղ կարող է ավելի շատ հայ է ապրում քան Հայաստանում, և եթե հարցին մոտենանք այս տեսանկյունից, հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը արարողակարգային խախտում է թույլ տվել` շնորհավորելով Մոսկվայի նման մեգապոլիսի քաղաքապետին: Սրա այլընտրանքն այն է, որ Հայաստանը հայտարարի, որ ինքն ինքնիշխան երկիր է և ինքն է ապահովում իր անվտանգությունը, և ոչ թե ավտանգության պատրվակով հանձնի երկիրը ուրիշի կառավարմանը:
– Հայաստանում որոշ քաղաքական ուժեր սպասում էին, թե երբ Մոսկվան քաղաքական թեժ աշնան հրահանգ կտա, որպեսզի այստեղ իշխանափոխություն իրականացնեն, եթե Սերժ Սարգսյանը Մաքսային միություն մտնելու առաջարկ չաներ Ռուսաստանին: Կա՞ն քաղաքական ուժեր, որոնք թեժ աշուն կկազմակերպեն ինքնիշխանության դեմ ոտնձգությունը կանխելու կարգախոսով:
– Ցավոք, այդպիսի քաղաքական ուժեր չկան: Կան քաղաքական ուժեր, այդ թվում և «Հանրապետություն» կուսակցությունը, որ կանխատեսում էր, որ Սերժ Սարգսյանը չի ստորագրի Ասոցացման համաձայնագիրը:
– Կարծեմ եվրոպական դեսպաններից մեկի հետ գրազ էիք եկել, որ համաձայնագիրը չի ստորագրվի:
– Ոչ թե մեկ, այլ երկու բարձրաստիճան դիվանագետի հետ գրազ էի եկել, և չնայած հաղթել եմ, բայց սրտանց կցանկանայի, որ պարտվեի: Ինչ վերաբերում է իշխանափոխության հնարավորությանը, ասեմ, որ կան քաղաքական ուժեր, ովքեր համարում են, որ կատարվածը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, որ Հայաստանում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Հնարավո՞ր է այդ օրակարգով հասնել իշխանափոխության. սա քննարկման թեմա է: Սա մի քաղաքական ուժի պոտենցիալի բան չէ: Հայաստանում մինչև հիմա հասարակությունը ընդվզել է երկու դեպքում. երբ առաջացել է շատ լուրջ ազգային հարց. ինչպիսին Արցախն է, և հասարակությունը համախմբվել է, մյուսը նախագահական ընտրություններն են, որոնց ժամանակ հայ հասարակությունը հնարավորություն է տեսնում երկրում արմատական փոփոխություն իրականացնել:
Հիմա առաջացել է նոր իրավիճակ. մենք կանգնած ենք Հայաստանի ինքնիշխանության կորստի իրական վտանգի առաջ: Մեր խնդիրն է պարզել. արդյոք հասարակությունը Հայաստանի ինքնիշխանությունը համարում է մեծագույն արժեք, արդյոք գնահատում է ինքնիշխանությունը, հանուն որի պատրաստ է ոտքի ելնել և իշխանությունից հեռացնել այն վտանգած իշխանությանը: «Հանրապետություն» կուսակցությունը սկսել է կոնսուլտացիաներ այն կուսակցությունների հետ, որոնք Հայաստանի ինքնիշխանությունը համարում են մեծագույն արժեք, պայքարի ընդհանուր դաշտ ձևավորելու համար: Եթե մեր պետության օրակարգում կա աշխարհաքաղաքական ընտրության հարց՝ Եվրամիությո՞ւն, թե Եվրասիական միություն, և հասարակության 70 կամ նույնիսկ 99 տոկոսը ասում է, որ պետք է գնալ դեպի Եվրասիական միություն, կա 30 տոկոս, կամ նույնիսկ 1 տոկոս, որ այլ կերպ է մտածում: Ես այդ մեկ տոկոսի հետ եմ: Եվ ես իմ խնդիրն եմ համարելու այնպես անել, որ այդ 1 տոկոսը աճի և դառնա 99 տոկոս, 100 տոկոս:
Միայն հասարակական լայն աջակցությամբ է հնարավոր հասնել Սոբյանինին շնորհավորող իշխանության փոփոխությանը: Ես իմ խնդիրն եմ համարելու բացատրել ՀՀ քաղաքացիներին, հասարակությանը, թե ինչով է կարևոր և մեզ համար ընդունելի Եվրոպական միության հետ ինտեգրումը: Որ՝ եթե ուզում ենք, որ մեր երկրում էլ մարդը պաշտպանված լինի, որ անընդհատ չբողոքենք կոռուպցիայից, ունենանք իշխանությունից անկախ դատական համակարգ, սոցալական ապահովության իրական երաշխիքներ, ապա դա հնարավոր է միայն Եվրոմիության հետ ասոցացման միջոցով, և ոչ թե կոռուպցիայի և անօրինականության մեջ խեղդվող Ռուսաստանի կամ Ղազախստանի հետ ինտեգրման միջոցով: Օրինակ` Բելգիայում փախստական կամ ընդհանրապես որևէ կարգավիճակ չունեցող մարդուն կարող են կես միլիոն եվրոյանոց վիրահատություն կատարել: Հիմա պատկերացրեք, որ նույն մարդը հիվանդանար Ռուսաստանում կամ Ղազախստանում: ՀՀ քաղաքացիներին պետք է բացատրել այդ տարբերությունը, և հասարակությունը պետք է գիտակցված ընտրություն կատարի:
«168 ԺԱՄ»