Վ.Աթանեսյան. «Ինչո՞ւ ենք մենք փորձում Հայաստանի ապագան կանխորոշել Ղարաբաղի ապագայով»

ԼՂՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով, Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշումն անսպասելի չէ, քանի որ «ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չի հայտարարել, որ Հայաստանը չի անդամակցելու կամ ցանկություն չունի անդամակցելու Մաքսային միությանը, չնայած եղել են նաեւ վերապահումներ, որոնք հնչեցվել են եւ ՀՀ վարչապետի, եւ փոխարտգործնախարարի, եւ ինչու չէ նաեւ խորհրդարանում մեծամասնություն կազմող, իշխող ՀՀԿ ներկայացուցչների կողմից»։ Այս մասին գրում է karabakh-open.info-ն:

«Մաքսային միությանը Հայաստանը չի միացել, այլ ցանկություն է հայտնել, եւ ինչպես պարզաբանել է ՀՀ նախագահը, դա ենթադրում է բավական տեւական գործընթաց՝ օրենքների ընդունում, բուն համաձայնագրի տեքստի վավերացում ԱԺ կողմից եւ այլն»,- նշել է նա՝ ընդգծելով, որ բացառված չէ ԱԺ քննարկումների ընթացքում խնդիրներ ծագումը։

Պատասխանելով Մաքսային միության անդամ երկրներից մեկի՝ Ղազախստանի պրոադրբեջանական դիրքորոշման մասին հարցին Վ.Աթանեսյանը նկատել է, որ նման խոչընդոտ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու առումով կա եւ «ամենայն հավանականությամբ այդ երկիրը վերապահումներ ունենալու է ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի՝ որպես մեկ տնտեսական տարածքի Մաքսային միությանը ինտեգրման հարցում»։

«Եթե անկեղծ լինենք , ապա դա Ռուսաստանի որոշելիքն է. նա ինքը պետք է Մաքսային միության իր գործընկերների հետ կարգավորի այդ խնդիրը,  հակառակ դեպքում Հայաստանի անդամակցումը կորցնում է իր իմաստը»,- շեշտել է ԱԺ պատգամավորը, ում կարծիքով, տրամաբանական է թվում, որ Մաքսային միությանը միանալու ցանկություն կարող է արտահայտել նաեւ Ադրբեջանը։ Այս դեպքում Ղարաբաղի հարցը դարձյալ կմնա անորոշ, բայց ֆորմալ առումով կողմերը կարող են ընդունել փաստացի իրավիճակը։ «Տրամաբանական է իրադարձությունների այսպիսի զարգացումը, որովհետեւ Իլհամ Ալիեւի ռեժիմի վերարտադրության միակ երաշխավորն այսօր Ռուսաստանն է՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի, իսկ դրա դիմաց ի՞նչ պիտի վճարի Իլհամ Ալիեւը։ Գալու է պարտամուրհակը վճարելու ժամանակը, եւ դա կարող է լինել ՄՄ-ին անդամակցելը»։

Կարդացեք նաև

Ի՞նչ օգուտ ունի ՄՄ-ին անդամակցելու որոշումից Ղարաբաղը։ Ըստ Վահրամ Աթանեսյանի, այդ հարցում չպետք է առաջնորդվել օգտապաշտական նպատակադրվածությամբ, որ Հայաստանը պարտադրված  է ցանկացած քայլ կատարել հօգուտ Ղարաբաղի։ «Իսկ ո՞վ է ասել, որ դա այդպես պետք է լինի։ Ինչո՞ւ ենք մենք փորձում Հայաստանի ապագան կանխորոշել Ղարաբաղի ապագայով։ Մենք անկախ երկիր ենք, եթե հռչակվել ենք անկախություն, ունենք պետականության բոլոր ատրիբուտները, ապա պարտավոր ենք որոշումներ ընդունել մեր փոխարեն, ոչ թե հուսալ, որ Հայաստանը որոշումներ է ընդունելու հօգուտ մեզ։ Սա քաղաքականություն է, աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակում հայտնված երկիր է, որը գտնվում է խուլ շրջափակման մեջ, եւ այդ իրավիճակից ցանկացած ելք պետք է մեզ համար ընդունելի լինի»,-շեշտել է Վահրամ Աթանեսյանը՝ հավելելով, որ Ղարաբաղում պետք է կշռադատեն օգուտն ու վնասը, մանավանդ, որ ազատ են Հայաստանի հետ քննարկումներում՝ ցանկացած մակարդակում։ Միանշանակ «ոչ» ասելը, ըստ նրա, Հայաստանի ճանապարհը կաշկանդող գավառամտություն է, կաշկանդում է Հայաստանի ընտրության հնարավորությունները։ «Եւ ինձ թույլ եմ տալիս ասել, որ մենք ի վերջո պետք է Հայաստանի եւ Ղարաբաղի զարգացման եւ ապագայի խնդիրները միմյանցից զատորոշենք, եթե ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ երկիր, որովհետեւ միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության, ինքնորոշման իրավունքի երաշխավորը»,-գտնում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբանղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս