Հայաստանի մրցունակության ցուցանիշը բարելավվում է
Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը ներկայումս զբաղեցնում է 79-րդ տեղը նախորդ տարվա 82-ի համեմատ: Այսինքն` 3 կետով առաջընթաց է արձանագրվել: Սակայն, ինչպես այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, մրցունակության ցուցանիշն ագրեգացված ցուցանիշ է և ներկայացնում է երկրի տարբեր ոլորտները բնութագրող իրավիճակները:
«Երեք ցուցանիշներ պատկանում են մրցակցության ոլորտին: Մրցակցության ոլորտի առաջին ցուցանիշը տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշն է, որի գծով մեր առաջընթացը կազմել է 28 կետ: Անցած տարի ևս այս ցուցանիշով մենք մեծ առաջընթաց էինք արձանագրել, սակայն անցած տարի մեզ նաև որոշ մարդիկ քննադատում էին՝ ասելով, որ ճիշտ է, առաջընթացը, աճի տեմպը մեծ է, սակայն մեր զբաղեցրած դիրքը դեռևս ցածր է: Ասեմ, որ այժմ այդ ցուցանիշով մենք ԱՊՀ երկրների շարքում առաջատարն ենք»,- ասաց Շաբոյանը:
Ըստ նրա՝ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշի գծով առաջընթացը կազմել է 19 կետ: Այս ցուցանիշով ևս ԱՊՀ երկրների շարքում ՀՀ-ն առաջատար է: Օրինակ` Վրաստանից առաջ ենք 41 կետով, Ադրբեջանից` 30, Ուկրաինայից` 40 կետով և այնլ:
Մրցակցային միջավայրը բնութագրող հաջորդ ցուցանիշը շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների ազդեցությունն է մրցակցության վրա, որով բարելավումը 15 կետ է, իսկ աշխարհի երկրների շարքում զբաղեցնում ենք 75-րդ տեղը: Շաբթյանը նշեց, որ այս ցուցանիշով ՀՀ-ն նաև իր զբաղեցրած դիրքով առաջ է անցել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից` Հունգարիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա և այլն: