«Նաիրիտում» աուդիտն ավարտվել է. եզրակացությունները բավականին տխուր են
168.am-ի տեղեկություններով բրիտանական «Jacobs» ընկերությունն ավարտել է բնապահպանական աուդիտը «Նաիրիտ» գործարանում և եզրակացությունը ներկայացրել ՀՀ կառավարությանը:
Հիշեցնենք, որ այս նույն ընկերությունը ռուսական նավթագազային «Իտեռա գրուպի» հրավերով անցած տարի «Նաիրիտում» անցկացրել էր ֆինանսական աուդիտ և գնահատել էր գործարանի արդիականացման ծրագիրը:
Այս անգամ աուդիտն, ըստ մեր աղբյուրների՝ անցկացվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրավերով: Օգոստոսի սկզբին Մովսիսյանը «Օրակարգին» հաստատել էր, որ քիմիական ընկերության արդիականացման և վերագործարկման ծրագիրը տրվում է բնապահպանական փորձաքննության և նշել, որ «վերջնական որոշումը կընդունվի բրիտանական ընկերության կողմից հավանության արժանացած այս ծրագրի փորձաքննությունից հետո միայն»։
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ բրիտանացիների եզրահանգումները բոլորովին ուրախալի և հուսադրող չեն «Նաիրիտի» համար: Նրանց գնահատմամբ՝ գործարանը կարելի է աշխատացնել միայն արտադրության բութադիենային տեխնոլոգիայով և ոչ մի դեպքում չի կարելի վերագործարկել կաուչուկի արտադրության ացետիլենային եղանակը:
Գործարանի արդեն նախկին սեփականատեր Մեծ Բրիտանիայում գրանցված օֆշորային Rhinoville Property Limited ընկերությունը պարտավորվել էր 60 մլն դոլար ներդրում անել և մինչև 2009 թ. հունվարի 1-ն անցնել բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրության, որի դեպքում հնարավոր կլիներ կաուչուկի արտադրությունն ամսական 1000 տոննայից հասցնել 2.5 հազար տոննայի: Դրանից հետո էլ 2-3 ամիսը մեկ անգամ Ա.Մոսվսիսյանը հայտարարում ու վստահեցնում էր, թե շուտով, շատ շուտով անցում կկատարվի բութադիենային տեխնոլոգիայի: Սակայն անցում բութադիենին այդպես էլ չկատարվեց, իսկ 2010 թ. փետրվարից գործարանն ընդհանրապես դադարեց արտադրանք տալ:
Այժմ բրիտանացի մասնագետների այս եզրահանգումը նշանակում է, որ «Նաիրիտն» առնվազն 2-3 տարի չի աշխատելու՝ մինչև վերազինում կատարվի, ներդրվի բութադիենային տեխնոլոգիա և նոր գործարկվի: Իսկ դա էլ նշանակում է, որ գործարանի աշխատակիցները կուղարկվեն տուն՝ իրենց հաշվին արձկուրդի, կամ փաստացի՝ կազատվեն աշխատանքից: Արդյունքում, առօրյա հոգսերը հոգալու համար, նրանք ստիպված կլինեն այլ աշխատանքի անցնել, իսկ որ առավել հավանական է, և դա են վկայում աշխատակիցների շրջանում մեր հարցումները, նրանք կհեռանան Հայաստանից: Ու երբ, թեորետիկ՝ լավագույն տարբերակի դեպքում, կառավարությունը ներդրող գտնի ու բանը հասնի նրան, որ գործարանն իսկապես վերագործարկելու ժամանակը գա, հանկարծ կպարզվի, որ հիմա էլ մասնագետ չունենք, որ այն աշխատեցնեն: Մինչդեռ առանց որակյալ ու փորձված մասնագետների հնարավոր չէ նման պայթյունավտանգ գործարան շահագործել:
Իրականում, կառավարության նպատակը մեկն է՝ գործարանը տանել փակման: Այս բնապահպանական փորձաքննություն էլ լավ հիմք է դրա համար: Ու այդ դեպքում կհայտնվեն նոր խաչիկ ստամբոլցյաններ, որ ինչպես ԱԷԿ-ի համար էին հայտարարում, թե այն պետք է փակել, հիմա էլ կասեն՝ տեսա՞ք, որ ասում էինք «Նաիրիտը» վնասակար է, պետք է փակել:
Անցած տարիների ընթացքում ապաշնորհ ղեկավարների ջանքերով «Նաիրիտի» փողերը մսխվեցին ու գրպանվեցին, ու հիմա ոչ մի «հարիֆ» չեն կարողանում գտնել, որին կհամոզեն, թե «Նաիրիտը» լավն է, շահութաբեր է, եկեք, ներդրում արեք ու աշխատացրեք: Ինչպես արդեն գրել էինք մեր նախորդ հրապարակումներում, ռուսական կողմը հետաքրքրված է «Նաիրիտը» ձեռք բերելու հարցում, բայց՝ առանց կուտակված 100 միլիոնավոր դոլար պարտքի, իսկ «Նաիրիտի» իրական սեփականատերերն էլ, որոնցից առաջինը շրջանառվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, չեն ցանկանում սեփական գրպանին նեղություն տալ ու պարտքի հարցը լուծել:
Բազմաթիվ անգամ տարբեր մասնագետներ կարևորել են «Նաիրիտի» աշխատելը, թե այն ինչ հզոր քարշակ կարող է հանդիսանալ Հայաստանի տնտեսության համար ու թե ինչ զգալի կլինի դրանից ստացված օգուտը ժողովրդի համար: Սա կփաստեն նաև հենց նաիրիտցիները, ովքեր, վստահ ենք, չեն ցանկանում անգործ մնալ ու գաղթական դառնալ: Սա կանխելու համար, թերևս, հարկավոր է քաղաքացիական ակտիվության մի թեժ կետ էլ բացել այս ուղղությամբ ու թույլ չտալ, որ ՀՀ քիմիական հսկան ծնկի բերեն ու վերջնականապես ոչնչացնեն: