«Մեռած Վազգեն Սարգսյանից շարունակում են վախի զգացում ունենալ»

«Վազգեն Սարգսյանը տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց սահման էր դնում, էդ սահմանը անցնել չէր կարելի. Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, բայց էդ խմբավորումներն այնպես արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց»,- Շուշիի եւ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, օրերս «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում այսպես էր արտահայտվել Վազգեն Սարգսյանի մասին եւ խոսել նրա սխալների մասին: Վազգեն Սարգսյանի շուրջ հավաքված մարդկանց եւ նրա դերի մասին «Առավոտը» զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանի հետ:

– Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Կոմանդոսի այն համոզմունքը, որ գեներալներ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Հրաչ Անդրեասյանը գնացել են հենց Վազգեն Սարգսյանի պատճառով:

– Վազգեն Սարգսյանի օրոք զինվորականների արտագաղթ չի եղել, ներգաղթ է եղել: Վազգեն Սարգսյանին հաջողվեց աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան բերել շատ զինվորականների, որոնք կարևոր դերակատարում ունեցան ամբողջ պատերազմի ընթացքում, որոշիչ դերակատարում ունեցան, ունեցան հնարավորություններ դրսևորվելու, մասնակցություն ունենալու մեր պետության համար կարևոր խնդրի լուծմանը, այսինքն՝ ձևավորել Հայոց բանակը և այդ կանոնավոր կառույցի միջոցով հասնել հաջողության և՛ Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում, և՛ Արցախի: Դա անուրանալի ընթացք էր, որը հաջողվել է միայն Վազգեն Սարգսյանին:

Մեզանից ոչ մեկը չի կարողացել դա անել և նրա արածը մոռանալը, նսեմացնելը այսօրվա համար ամենամեծ վնասն է Հայոց բանակի հետագա զարգացման համար: Վազգեն Սարգսյանին հաջողվեց բոլոր ջոկատներին համախմբել և դարձնել ավելի կառավարելի: Նաեւ իշխանության գալուց հետո կարողացավ շատ արագ պաշտպանության նախարարության ձեւավորման խնդիրները լուծել: Դա էլ փաստ է, որն ուրանալ հնարավոր չի:

Կարդացեք նաև

Վազգեն Սարգսյանի և ընդհանրապես այն ժամանակ ՊՆ-ի կադրային քաղաքականությունն իրականացվում էր ոչ միայն ֆիդայական ջոկատներն ավելի կառավարելի դարձնելու ուղղությամբ, այլ նաև կանոնավոր բանակի ձևավորման, իսկ պրոֆեսիոնալ սպայակազմի ներգրավումը բանակաշինության գործում կարեւորագույն հիմնական ուղղություններից մեկն էր: Այն ժամանակ ոչ միայն Հայաստան եկան Տեր-Գրիգորյանցը, Անդրեասյանը, Իվանյանը, Զինևիչը, Ղուկասովը, Խաչատուրովը, Հարությունյանը, Աբրահամյանը… բոլորը եկան, նրանք այնքան շատ են՝ գեներալներ, գնդապետներ, Սովետական բանակում ժամանակին բարձր պաշտոններ զբաղեցնող զինվորականություն, որոնք եկան և ունեցան հնարավորություն նաև Հայոց բանակի ձեւավորման մեջ: Իսկ փաստն այն է, որ Անդրեասյանը և Տեր-Գրիգորյանցը գնացել են Հայաստանից այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը կարճ ժամանակով արդեն պաշտպանության նախարար չէր: Նախարարն այն ժամանակ արդեն Սերժ Սարգսյանն էր:

– Համաձա՞յն եք Կոմանդոսի հետ, որ Վազգեն Սարգսյանն այն մարդն է, ումից հիմա խոսելն արգելված է, պիտի ասես, որ ինքը ինչ արել է, ճիշտ է արել, որքան էլ հայտնի լինի, որ սխալ բաներ շատ է արել:

– Ես չեմ հասկանում, թե ինչու է այսօր Վազգեն Սարգսյանի թեման բարձրացվել և ինչու է Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Արցախի երբեմնի հերոս գեներալը, իր վրա վերցրել այս թեմայի շահարկումը՝ տարբեր ուժերի կողմից ներմուծված: Ես դա չեմ կարողանում հասկանալ: Բոլորն էլ սխալներ ունեցել են, եւ Վազգեն Սարգսյանն էլ ունեցած կլինի իր սխալները: Բայց խոսել այսօր այն սխալների մասին, որոնք եղել են նախկինում և չխոսել սխալների մասին, որոնք այսօր կան մեր պետության տարբեր ոլորտներում, նաև բանակի կառույցներում՝ ինձ համար հասկանալի չէ: Վազգենի ուժը, փաստորեն, շարունակում է անհանգստացնել ինչ-ինչ մարդկանց կամ համակարգերի, որոնք, չգիտես ինչու, նաև մեռած Վազգենից են շարունակում վախի զգացում ունենալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս