Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից
Թուրքիան հուլիսին կրճատել է ռուսական նավահանգիստներից մատակարարվող նավթի գնումները և մտադիր է օգոստոսին ավելի կրճատել ծավալները։Այդ քայլը հաջորդել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, որոնք խաթարել էին Սև ծովում գտնվող ռուսական տերմինալներից արտահանումը։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Ուկրաինան հուլիսին ակտիվացրել է իր հարձակումները, ինչը հանգեցրել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի տերմինալից արտահանման մեկշաբաթյա դադարեցմանը և Նովոռոսիյսկի նավահանգստում բեռնման գործողություններին։ Արդյունքում, մատակարարվող նավթի ծավալը հուլիսին նվազել է մեկ հինգերորդով։
Թուրքիան CPC Blend, ղազախական KEBCO և Urals տեսակի նավթի խոշոր գնորդն է, հուլիսին ռուսական նավահանգիստներից ստացել է ընդամենը մոտ 900 000 տոննա նավթ, մինչդեռ հունիսին այդ ցուցանիշը կազմել էր 1,2 միլիոն տոննա։ Ակնկալվում է, որ օգոստոսին Թուրքիան Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներից կստանա մոտ 200 000 տոննա նավթ։ Նախատեսվում է երկու լցանավով տեղափոխել ղազախական KEBCO տեսակի հում նավթ։
Այս պահին CPC Blend կամ Urals տեսակի նավթի մատակարարումներ դեպի Թուրքիա նախատեսված չեն։ Թուրքիան դիվերսիֆիկացնում է մատակարարումները և հում նավթ է ներկրում նաև Բրազիլիայից ու Գայանայից։

