«ՀԱՊԿ-ում տենց էլ չհասկացան, որ ձեւական ու ֆորմալ հայտարարություններով կազմակերպությունը չես ուժեղացնի». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը գրում է. «ՀԱՊԿ-ում տենց էլ չհասկացան, որ ձեւական ու ֆորմալ հայտարարություններով կազմակերպությունը չես ուժեղացնի։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են Երևանի հետ առանց բացառության բոլոր այն հարցերը քննարկելու պատրաստակամությունը, որոնք վերաբերվում են հայկական կողմի՝ համատեղ աշխատանքին լիարժեք մասնակցության վերսկսմանը։
Ինչպես ասում են ՝ հերթական հերթափահ հայտարարությունն է։
Դիոգենեսյան տակառում ապրելով ու իրականությունը չտեսնելով ՝ հարց չես լուծում։
Ոչ թե ձեւական հայտարարություններ պետք է անել,այլ պետք է հասկանալ ,թե ո՞րն է խնդրի էությունը։
Լինելով ՀԱՊԿ -ում Հայաստանի ակտիվ անդամության կողմնակից՝ նշեմ, որ ՀԱՊԿ-ում կամ մինչեւ վերջ անկեղծ չեն,կամ էլ՝ չեն տիրապետում խնդրի էությանը։
Բազմաթիվ անգամներ ես ինքս էլ ՀԱՊԿ մեր գործընկերներին ասել եմ, որ հայ հասարակությունը ձեզ հարցեր ունի ու բավարարված չէ ՀԱՊԿ արձագանքից 2022-ի Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
Բայց մեկ էլ տեսնում ես հերթական հարցազրույցի ժամանակ ՀԱՊԿ կամ ՀԱՊԿ անդամ պետության ներկայացուցիչները պնդում են,թե Արցախում ՀԱՊԿ-ն լիազորություն չուներ միջամտելու ռազմական գործողություններին։
Արցախի հետ կապված չէ, որ մեր հասարակությունը ՀԱՊԿ-ին հարցեր ունի. ՀԱՊԿ-ի փաստացի ոչ էֆեկտիվ գործողությունը կամ անգործությունը կապված է 2022-ի սեպտեմբերին ՀՀ-ի ինքնիշխան տարածք ադրբեջանական հարձակման հետ։
Արցախի մասով մեր հասարակությունը հարցեր ունի ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ ռուս խաղապահ առաքելությանը, ում հույսով 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակչության Հայաստան տեղափոխված հատվածի ճնշող մեծամասնությունը վերադարձավ Արցախ։
Իհարկե, Արցախի կորստի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանի վարչակարգն է, քանի որ 2020 – ի հուլիսին հենց Փաշինյանի ստորագրած ազգային անվտանգության ռազմավարական ծրագրում ՀՀ իշխանությունն է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, բայց Փաշինյանը դա իրագործելու փոխարեն, 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
ՀԱՊԿ մեր հարգելի գործընկերներն ավելի արդյունավետ լինելու համար, կարող են ու պետք է խոսեն պրոբլեմներից, այլ ոչ թե Հայաստանը դաշնակից համարելու հռչակագրային հայտարարություն անեն։
Քանի դեռ խնդիրները կոծկվում են ու ֆորմալ հայտարարությունների շքերթը շարունակվում է, ՀՀ-ՀԱՊԿ անջրպետը շարունակվելու է, որն ամենեւին չի բխում ոչ ՀՀ-ի ու ոչ էլ ՀԱՊԿ-ի շահերից»:

